Գործի փաստերը

  • Սույն գործը վերաբերում է 2012թ. Մայիսի 8-ին Երևանում գտնվող «ԴԻԱՅՈՒԱՅ» ակումբի պայթեցումից հետո ի պաշտոնե հանդես եկող մի քանի պետական այրերի կողմից քրեորեն պատժելի արարքի արդարացմանն ուղղված կոչերին և տուժողի նկատմամբ խտրականություն և ատելություն սերմանող խոսքի տարածմանը:
  • Պայթյունի կազմակերպումը, ինչպես ի սկզբանե խոստովանել էին ամբաստանյալները, պայմանավորված է եղել Օգանեզովայի լեսբի լինելու, Ստամբուլ քաղաքում գեյ շքերթի մասնակցելու, ինչպես նաև ակումբի` ԼԳԲՏ անձանց և համակիրների հավաքատեղի լինելու հայտնի հանգամանքների հետ:
  • Դեպքը մեծ ատելության և անհանդուրժողականության մեծ ալիք բարձրացրեց ինչպես հասարակության մեջ, այնպես էլ պետական մակարդակով: Արարքը խրախուսվել է ոչ միայն հանրության որոշ խմբերի կողմից, այլ նաև պետական պաշտոնյաների կողմից: Մասնավորապես Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը 15.05.2012թ. տված հարցազրույցում հրապարակավ հայտարարեց, որ «Ծոմակի տեսակը ոչնչացնում է հայ հասարակությանը… տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի»:

Նույն օրը երեկոյան մի խումբ անձինք կրկին ներխուժել են ակումբ, կոտրել և փչացրել ակումբի մնացյալ գույքը, իսկ պատերին նկարել են ֆաշիստական խորհրդանիշեր և սպառնացող հաղորդագրություններ: Նույնանման դեպքեր կրկնվել են նաև հաջորդող օրերին:

18.05.2012թ.  ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովն դեպքի առնչությամբ իր տված հարցազրույցում հայտարարեց հետևյալը. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունն այլասերող համասեռամոլներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը: Ես, որպես Հայաստանի քաղաքացի եւ ազգային-պահպանողական կուսակցության անդամ, միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած եւ հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ: Իսկ մարդու իրավունքների այն պաշտպաններին, ովքեր այս միջադեպի առիթով ջանում են էժան դիվիդենտներ շահել, կոչ եմ անում՝ պաշտպանել նախեւառաջ համամարդկային ու ազգային արժեքները»:

Սույն հայտարարությունների առնչությամբ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն համապատասխան դիմումներ ներկայացրեց ՀՀ Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողով և ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պետական պաշտոնյաներին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու նպատակով: Երկու դիմումներն էլ մերժվեցին:

Ա. Օգանեզովան ներկայացրեց դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ առանց սպառելու ներպետական դատական միջոցները դրանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չհանդիսանալու պատճառով:

Գործի ռազմավարական նշանակությունը.

Առանձին գործերով ՀՀ ներպետական ատյաններ և այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցադիմումներ, բողոքներ, գանգատներ ներկայացնելով «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն  նպատակ ունի այդ դեպքերով անցկացված դատավարությունների արդյունքում առաջ քաշել իրավական թերի կարգավորումները և իրավական բացերը, իրավակիրառ պրակտիակայում առկա այլ խնդիրները և փորձել դրանց լուծումներ գտնել` միջազգային ատյանների դիրքորոշումների միջոցով, ինչպես նաև նպաստել հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Ռազմավարական դատավարությունների նպատակը ոչ միայն կոնկրետ անձի շահերի պաշտպանության նպատակով դատարան բողոքների ներկայացումն է, այլ նաև դրանց միջոցով սոցիալական արդարության և ապահով միջավայրի ստեղծումն է, հասարակության խմբերի համար, ովքեր ունեն կամ կարող են ունենալ նմանատիպ խնդիր:

Դատական նախադեպերի ձևավորման արդյունքում հնարավոր կլինի հասնել փոփոխությունների ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, քաղաքական  և այլ ոլորտներում:

Սույն գործով խնդրահարույց իրավիճակը կապված է այն հանգամանքով, որ ՀՀ օրենսդրությունը որևէ կերպ չի կարգավորում ատելության խոսքը, դրա հետ կապված իրավահարաբերություններն ընդհանրապես, և անձի սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով ատելության խոսքի և անհանդուրժողական սերմանման արգելքը մասնավորապես: Սա ներպետական դատարաններին հնարավորություն է տալիս շրջացնել արարքի էությունն ու շարժառիթները և քննել այլ արարքի վերաբերյալ գործ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի իրավական հիմքերը.

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատում Օգանեզովան վիճարկում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ճանաչված անմարդկային և արժանապատվությունև նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի (հոդված 3), մասնավոր և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի (հոդված 8), ազատ կամարտահայտության իրավունքի (հոդված 10), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի  (հոդված 13) ` կապված 3-րդ, 8-րդ և 14-րդ հոդվածների խախտումների հետ, խտրականության արգելքի իրավունքի (հոդված 14) խախտումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը կլրացվի: