Գենդերային դեր

Գենդերային դերը դրսևորվում է այն գործողություններով ու վարքով, որոնցով հասարակության մեջ հանդես է գալիս անհատը` ելնելով իր գենդերային ինքնությունից: Այն սեփական գենդերի արտահայտումն է տվյալ մշակույթում:

Գենդերային դերը մշակույթի կողմից սահմանված դիրքորոշումների, վարքագծի օրինաչափությունների և անձնային հատկանիշների ամբողջությունն է, որոնցով անհատն ապրում է որպես կարծրատիպորեն սահմանված առնական կամ կանացի սոցիալական դերերով:

Ի գիտություն. հայ հասարակության մեջ գենդերային դերերի հստակ բաժանում և սահմաններ կան, վարքագծի կանոններ` համապատասխանող «տղամարդ» և «կին» հասարակական կատեգորիաներին կամ գենդերներին:

Տղամարդուց ակնկալում են որոշակի գործողություններ, պահվածք, վարվելաձև: Նույնիսկ խոսքեր կան, որոնց գործածումը տղամարդկանց կողմից առավել թույլատրելի է, ինչպես նաև արտահայտություններ, որոնք ավելի շատ բնորոշ են կնոջը: Այսինքն, միայն արական սեռական օրգաններ ունենալը դեռևս չի նշանակում տղամարդ կատեգորիային համապատասխանել։ Տարբեր մշակույթներում ընդունված է «իսկական տղամարդու» մասին հետևյալ պատկերացումը` «իսկական տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի և որդի ունենա»: Բացի սրանից, ակնկալվում է, որ «իսկական տղամարդը պետք է լինի առնական, ուժեղ և նախաձեռնող», «իսկական տղամարդը երբեք չպետք է լաց լինի» և այլն: Ակնկալվում է, որ տղամարդը պետք է լինի ակտիվ, ձեռնարկող, գործունյա:

Նույնը և կանանց դեպքում. կան որոշակի ակնկալիքներ կնոջ պահվածքի, խոսքի, տեսքի առումով` «խելոք», «տուն տանելու» կամ «օջախի աղջիկ», «բարոյական», «եփող-թափող» և այլն: Հայաստանում ենթադրվում է, որ կինը պետք է լինի հեզ, հնազանդ, պասիվ և ենթարկվող: Եվ եթե աղջիկը կամ կինը չի համապատասխանում տվյալ պահանջներին, նրան տարբեր պիտակներ են տրվում, առավել պահպանողականները «կին» և «տղամարդ» գենդերներին չհամապատասխանող անհատներին համարում են «այլասերված», «վատ», «անբարոյական», «վտանգավոր»:

Գենդերային դերը հիմնականում կառուցվում է գենդերային ինքնության հիման վրա: Այսպես, արական սեռի անհատի գենդերային ինքնությունը սովորաբար «տղամարդ» է լինում: Նրան նաև կարող է դուր գալ այն ամենը, ինչը տվյալ տարածաշրջանում և մշակույթի մեջ ասոցացվում է տղամարդ կատեգորիայի հետ, և նա կարող է հանդես գալ որպես տղամարդ (այսինքն, լինել տղամարդ և´ գենդերային ինքնությամբ, և´ գենդերային դերով): Նույնն էլ կնոջ դեպքում:

Ի գիտություն. անհատի գենդերային ինքնությունը ու գենդերային դերը չեն պայմանավորում նրա սեռական կողմնորոշումը և հակառակը, քանի որ դրանք սեռականության տարբեր բաղադրիչներ են: Այսպես, կնոջ գենդերային ինքնություն ու գենդերային դեր կարող է ունենալ իգական սեռի ինչպես տարասեռական, այնպես էլ այլ սեռական կողմնորոշում ունեցող անհատը: Եվ, նմանապես, տղամարդու գենդերային ինքնություն ու գենդերային դեր կարող է ունենալ արական սեռի ինչպես տարասեռական, այնպես էլ այլ սեռական կողմնորոշում ունեցող անհատը:

Այնուամենայնիվ, գենդերային ինքնությունն ու գենդերային դերը կարող են մեկը մյուսից տարբեր լինել: Օրինակ, կնոջը կարող է դուր գալ տղամարդուն վերագրվող հագուստ ու վարքագիծ, նա կարող է ինքն իրեն ավելի շատ տղամարդու հետ նույնականացնել: Սակայն, հետևելով համընդհանուր վարքագծի մոդելներին, նա կարող է հասարակության մեջ հանդես գալ ոչ թե իրեն դուր եկող հագուկապով ու պահվածքով, այլ այնպիսի վարքագծով ու արտաքինով, որն իրենից ակնկալում են: Տվյալ դեպքում կստացվի, որ գենդերային ինքնությունը (այն, ինչ նա մտածում, պատկերացնում, երազում, ցանկանում և երևակայում է) տարբեր է գենդերային դերից (այն, ինչ նա անում է, այն հագուկապն ու վարքագիծը, որով հանդես է գալիս): Նույնն էլ կարող է տղամարդու դեպքում լինել. նրան կարող են դուր գալ հագուստ և զգեստներ, ինչպես նաև վարվելաձև, որ տվյալ մշակույթը կանանց է վերագրում, սակայն անհատը կարող է գերադասել իր ցանկությունները թաքցնել` հետևելով հասարակայնորեն ընդունված առնականության կարծրատիպերին ու մոդելներին: Այս դեպքում ևս կստացվի, որ տվյալ տղամարդու գենդերային ինքնությունը չի համապատասխանում նրա գենդերային դերին: Իրականում մարդիկ են, որ հագուստի որոշ տեսակներն ընկալում են որպես տղամարդու, մյուսները` որպես կանացի: Սակայն այն, ինչ մի տարածաշրջանում կամ մշակույթում կարող է համարվել կնոջը բնորոշ, մեկ այլ տարածաշրջանում կամ մշակույթում կարող է բնորոշ լինել կամ տղամարդուն, կամ էլ` և´ կնոջը, և´ տղամարդուն: Հետևաբար, հագուստը «կանացի»-ի և «առնական»-ի բաժանելը ևս սոցիալ-մշակութային երևույթ է. իրականում չկան գենդերի համընդհանուր կանոններ, որոնք բաժանում են «կանացին» և «առնականը»: