Այսօր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանի ընթացում, ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց հունվարի 22-ին ստացված Համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

Հյուման ռայթս հաուս հիմնադրամը հանդես եկավ հայտարարությամբ, որը հաստատված է Հյուման Ռայթս Հաուս Երևանի անդամ կազմակերպությունների կողմից:

Համատեղ հայտարարություն

HRHFlogoՀյուման ռայթս հաուս (Մարդու իրավունքների տուն) հիմնադրամը ողջունում է ՀՀ մասնակցությունը Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) գործընթացում: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, ներառյալ Հյուման ռայթս հաուս Երևանի շուրջ համախմբված անկախ հասարակական կազմակերպությունները ևս ակտիվորեն մասնակցել են:

Անբավարար քայլեր են կատարվել ՀՊԴ առաջին շրջանում (6 մայիս 2010) Հայաստանին ուղղված և պետության կողմից ընդունած առաջարկությունների իրականացման ուղղությամբ, քանի որ բազմաթիվ առաջարկություններ կրկնվել են նաև երկրորդ շրջանի դիտարկման ժամանակ: Առաջարկությունների կրկնման հիմական պատճառն այն է, որ Հայաստանը կամ քայլեր չի ձեռնարկել ընդունած առաջարկները ի կատար ածելու համար, կամ ձեռնարկված քայլերը կրել են ձևական բնույթ:

ՀՊԴ և առաջին, և երկրորդ շրջանում Հայաստանը ստացել և ընդունել է առաջարկություններ, որոնք խրախուսել են «հարգել և պաշտպանել իրավապաշտպանների և լրագրողների` իրենց օրինական աշխատանքը կատարելու իրավունքը`առանց հետապնդումների վախի, ահաբեկումների կամ ճնշումների»[1]: Բացի այդ, Հայաստանին առաջարկվել է «իր օրենքներում և կանոնակարգերում, ինչպես նաև գործնականում ապահովել, որ ոչ մի կամայական խոչընդոտներ չստեղծվեն հավաքների ազատության իրավունքի իրականացման հարցում»[2]:

Չնայած ընդունված առաջարկություններին` 2015թ.-ի հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ Երևանի կենտրոնում: 237 ցուցարարներ բերման են ենթարկվել: Մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և մարդու իրավունքների պաշտպաններ բռնության են ենթարկվել[3]:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետաքննել ոստիկանության ստորաբաժանումների կողմից ուժի կիրառումը և հաշվետվողական լինել նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են:

Ավելին` մենք կոչ ենք անում լիարժեք երաշխավորվել խաղաղ ցույցերի, այդ թվում` ինքնաբուխ ցույցերի իրավունքը: Իշխանությունները պետք է նաև ապահովեն, որ լրագրողները և ԶԼՄ-ների աշխատողներն ազատ ու առանց արգելքի ծավալեն իրենց մասնագիտական գործունեությունը, ինչպես առաջարկվել է Չիլիի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի և Լեհաստանի կողմից:

Ոստիկանության բռնությունների մանրակրկիտ և ինքնուրույն հետաքննություն իրականացնելով` Հայաստանը մեկ քայլ կանի խաղաղ բողոքների և հավաքների իրավունքի վերաբերյալ երկու ՀՊԴ–ների ընթացքում ստացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ:

Երկրորդ շրջանում Հայաստանին ուղղված առաջարկությունների թվում մենք ցանկանում ենք ընդգծել, որ անհրաժեշտ է «ձեռնարկել արդյունավետ միջոցներ դատական համակարգի անկախությունը ապահովելու համար« և «ստեղծել ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի մասին բողոքների վարման համակարգ, որով կապահովվի քաղաքացիների կամ ազատազրկվածների նկատմամբ կատարված նման գործողությունների արդյունավետ հետաքննությունը և պատժումը»[4] (Բելգիա)[5]: Մենք նաև հորդորում ենք Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ դադարեցնել նման պրակտիկան կիրառումը ապագայում:

Հայաստանին նաև առաջարկվել է«ապահովել խտրականության բացառման սկզբունքի հարգումը և ընդունել խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն»[6] (Նիդեռլանդներ):

Այլ հիմնախնդիրներ, որոնք հասցեագրված են պետությունների կողմից Հայաստանին ներկայացված առաջին եւ երկրորդ շրջանի առաջարկություններում ներառում են` կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի վերացումը, երեխաների իրավունքները խրախուսումն ու պաշտպանությունը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի անհրաժեշտությունը և այլն:

Մենք կոչ ենք անում Հայաստանին աշխատել ընդունված առաջարկությունների արդյունավետ իրականացման ուղղությամբ և առաջընթացի վերաբերյալ ներկայացնել միջնանկյալ կատարողական հաշվետվություն: Մենք կոչ են անում Հայաստանին առաջարկությունների կատարման առաջընթացը գնահատելիս ներկայացնել կոնկրետ ցուցանիշներ, ներառյալ` ընդունված օրենքների և օրենսդրական բարեփոխումների նկարագրություն, խոշտանգումներ իրականացրածների պատժված դեպքերի թիվ, լրագրողների նկատմամբ հարձակումների դեպքերի հետաքննություն և պատժում, պետության կողմից ներդրումներ պահանջող միջոցառումների համար պրոգրեսիվ կերպով ավելացած տրամադրված միջոցներ և այլն:

Վերջապես, մենք ցանկանում ենք կոչ անել Հայաստանի իշխանություններին դրական դիրքորոշում ունենալ իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ, հատկապես, երբ նրանք քննադատում են կառավարության քաղաքականությունը: Մենք կոչ ենք անում Հայաստանի ղեկավարներին հրապարակայնորեն արտահայտել իրենց աջակցությունը իրավապաշտպանների գործունեության վերաբերյալ, հատկապես, երբ նրանք բռնության կամ ատելության կոչերի թիրախ են դառնում: Այդպիսի ՀԿ-ները մոնիտորինգ են իրականացնում և փաստաթուղթավորում մարդու իրավունքների միջազգային նորմերով և ՀՊԴ գործընթավով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը:

[1] A/HRC/29/11, Առաջարկություն 120.148. Ներկայացված Ֆինլանդիայի կողմից
[2] Նաև A/HRC/29/11, Առաջարկություն 120.142. Ներկայացված Ուրուգվայի կողմից
[3] http://humanrightshouse.org/Articles/21041.html
[4] A/HRC/29/11, Առաջարկություն 120.94. Ներկայացված Բելգիայի կողմից
[5] Երկու թեմաներն էլ շեշտադրվել են նաև այլ պետությունների առաջարկություններում
[6] A/HRC/29/11, Առաջարկություն 120.48. Ներկայացված Նիդեռլանդենրի կողմից