ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի և համախոհների կողմից

Մեծարգո պարոն Վարչապետ,

Ձեզ ենք դիմում Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական և միջազգային կազմակերպությունների անունից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործընթացին առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով:

Համաճարակի սկզբից 30 տարի, և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 26-րդ Հատուկ Նիստից 10 տարի անց, 2011թ.հունիսի 8-10-ը ԱՄՆ-ի, Նյու Յորք քաղաքում կայանալու է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Հատուկ Նիստը, ուր կքննարկվեն ու կգնահատվեն ձեռքբերումները ՄԻԱՎ համաճարակի հակազդման գործում, կպլանավորվեն հետագա քայլերը:

Բարձր մակարդակի հանդիպումը հիմնաքար է հանդիսանալու երկրների համար մշակելու համաճարակի, որպես միջազգային անվտանգության սպառնալիքի, հակազդման գործընթացների ակտիվացման, կանխարգելման, բուժման և խնամքի համընդհանուր հասանելիության ապահովման ուղիներ:

Հանդիպումը նաև կարևոր հնարավորություն է գլոբալ կառավարման ամրապնդման, քաղաքական ներգրավման և արդյունքների վերաբերյալ փոխադարձ հաշվետու լինելու համար` պարտավորություններին հետևելու և կատարելու առումով:

Հունիսին կայանալիք բարձր մակարդակի հանդիպումը կարևորվում է նրանով, որ ոլորտի արդի զարգացումների և նոր ռազմավորության ընդունման մասին իրազեկող ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի  զեկույցով  կպայմանավորվեն առկա խոչընդոտների հաղթահարման և կայուն հակազդման գործառույթների ապահովման ուղղությունները: Ստորագրվելու է  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների նոր հռչակագիր:

Մենք գիտակցում ենք, որ այսօր դեռևս մեր երկիրը հնարավորություն չունի ֆինանսավորելու բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել համաճարակին արդյունավետ հակազդելու համար և այդ միջոցառումները մեծապես կախված են միջազգային հանրության աջակցությունից:

Չափազանց կարևորելով Հայաստանի Հանրապետության բարձր մակարդակով մասնակցության անհրաժեշտությունը գալիք հանդիպմանը, խնդրում ենք, ի դեմս Ձեզ, ներկայացնել Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Հատուկ Նիստում, ուր ստորագրված փաստաթուղթը, վստահ ենք, կունենա բավարար ազդեցություն Հայաստանում համաճարակի դեմ ուղղված միջոցառումներին նոր ուժ հաղորդելու համար: Հնարավորինս բարձր մակարդակով Հայաստանի մասնկացությունը Նիստում կնպաստի նաև համապատասխան պետաիրավական ակտերի բարեփոխումների իրականացմանը:

Մենք գտնում ենք, որ Ձեր մասնակցությունը այդ բարձրաստիճան հանդիպմանը կդիտվի որպես հիմնախնդրի կարևորում մեր երկրի իշխանությունների կողմից և իր վրա կհրավիրի միջազգային հանրության ուշադրությունը:

Հարգանքով`

ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի անդամներ և աջակիցներ.

Էլինա Ազարյան, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

Անահիտ Հարությունյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ

Մամիկոն Հովսեփյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

Լարա Ահարոնյան, «Կանանց ռեսուրսային կետրոն» ՀԿ

Գրահամ Սթրոնգ, «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ

Լարիսա Մինասյան, Բաց Հասարակության Հիմնադրամ – Հայաստան

Ջոն Անդրանիկ Գասպարյան, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

Գայանե Թովմասյան, «Առաքելություն Արևելք» ՄԲԿ

Աշոտ Դավիդյանց, «Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» ՀԿ

Դավիթ Մանուկյան, «Երիտասարդական Մշակութային» ՀԿ

Սերգեյ Գաբրիելյան, «Նոր սերունդ» ՀԿ

Արման Սահակյան «Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ

Գոհար Շահնազարյան, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

Արտակ Մուշեղյան, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ

Ռաֆայել Օհանյան, «Ուսուցում հանուն առողջության պահպանման» ՀԿ

Արթուր Սաքունց, «Հելսինկայն Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ» ՀԿ

Կարեն Բադալյան, «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ

Ենոք Շատվորյան «Հույս և օգնություն» ՀԿ

Աշոտ Ազնաուրյան, «Առողջապահություն, տեղեկատվություն, վիճակագրություն» ՀԿ

_________________________

ՊԱՏԱՍԽԱՆ. Արտաքին կապերի վարչության պետ` Հրաչյա Թաշչյանը, մայիսի 6-ին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի անդամներին հայտնեց, որ վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Հատուկ Նիստին, քանի որ ՁԻԱՀ-ը չի հանդիսանում Հայաստանի առաջնային խնդիրներից մեկը` այնուամենայնիվ լինելով մտահոգիչ ու կարևոր հարց: