Skip to content Skip to sidebar Skip to footer

ԵԽԽՎ. Հայաստանի իշխանություններն անպատիժ են թողնում ԼԳԲՏ անձանց դեմ ատելության սերմանումը

PACEԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերը հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում հայտարարության տեքստ է տարածել, որի տակ ստորագրել են 22 պատվիրակներ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Այն թիրախավորել էր «հոմոսեքսուալների շահերի լոբբիստներին», որոնք փորձում են «ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում»: «Զրո հանդուրժողականություն» պահանջելով՝ թերթը հրապարակել էր 60 անձանց ցուցակ՝ կոչ անելով դադարեցնել նրանց հետ շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից, «որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»:

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը ՀՀ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր է:

Իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը։ Ավելին, հոկտեմբերի 25-ին՝ «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, պրն. Բաբուխանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է պատվո մեդալով։

Մենք կոչ ենք անում,

  • այս Վեհաժողովում Հայաստանի պատվիրակներին, հատկապես՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, իրենց գործընկերներին հասկացնել, որ պետք է զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից,
  • Հայաստանի իշխանություններին, անվերապահորեն դատապարտել հրահրման նման դեպքերն ու միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ցուցաբերվող խտրականության դեմ պայքարում [Եվրախորհրդի] Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ։

Գրավոր հղչակագիր թիվ 584 | փաստաթուղթ 13690 | հունվարի 28, 2015թ