Իշխանության քայլերը կամ անգործությունը ԵՄ համար պետք է հանդիսանա ցուցանիշ

24-10-2012

Հասարակական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Անհանգստության առիթ է հանդիպսացել սերբական «Պառադա» ֆիլմի ցուցադրման խափանումը:

Հայտարարություն

Արդեն իսկ երրորդ վայրը ևս` Կոնգրես հյուրանոցը, հանրությանը անհայտ ճնշումների արդյունքում պաշտոնապես հրաժարվեց հյուրընկալել «Պառադա» ֆիլմի ցուցադրությունը, որը վերաբերում է Սերբիայում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների հիմնախնդիրներին: Այս ֆիլմի ցուցադրությունը հանդիսանում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Գերմանիայի դեսպանության նախաձեռնությունը: Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է 2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում՝ հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունքի թեմայով:

Ցանկացած ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն մարդու իրավունքների նման ոտնահարումը, մասնավորապես արտահայտման ազատության իրավունքի ոտնահարումը, որը ներառում է անկախ պետական սահմաններից ցանկացած միջոցով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, պետք է համարի անթույլատրելի: Սա հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և ավելի ընդգծված մի շարք միջազգային փաստաթղթերում՝ համաձայն որոնց ՀՀ-ն ունի մի շարք պարտավորություններ պաշտպանելու յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու այդ իրավունքների արդյունավետ իրականացումը: ՀՀ-ն Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ստանձնել է պարտավորություններ ամրապնդելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, որոնք հանդիսանում են ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնարար սկզբուքները: Ավելին, սույն բարեփոխումների իրականացման համար ՀՀ կառավարությունը ԵՄ կողմից ստանում է համապատասխան աջակցություն, այդ թվում ֆինանսական:

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անհանգստացած և վրդովված ենք ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումներով, խտրականության և անհանդուրժողականության տարածմամբ: Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ստանձնի իր պարտավորությունները և երաշխավորի սույն միջոցառման իրականացումը և դրա անվտանգությունը, համապատասխան դահլիճ տրամադրի ֆիլմի հանրային ցուցադրության, և հանդիսատեսի անխոչընդոտ դիտման համար:

Մենք գտնում ենք, որ ՀՀ իշխանության կողմից ձեռնարկած քայլերը կամ անգործությունը ԵՄ համար պետք է հանդիսանա ցուցանիշ, թե որքանով են իր տրամադրած աջակցությունը և միջոցները ուղղորդվում ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը: ԵՄ-ն պետք է հետամուտ լինի իր իսկ տրամադրած միջոցների նպատակային բաշխմանը և ՀՀ կողմից հանձն առած պարտավորությունների կատարմանը, որոնք բխում են Եվրոպական հարևանության քաղաքականության հիման վրա որդեգրած ԵՄ-Հայաստան փոխադարձ հանձնառությունից` ապահովելու ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանվածություն, օրենքի գերակայություն և համընդհանուր այլ արժեքներ:

Ստորագրողներ`
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա ՀԿ
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ
Կանանց աջակցության կենտրոն ՀԿ
Իրավունքի գերակայություն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Երիտասարդները հանուն ժողովրդավարության ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամններ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
Շիրակ կենտրոն ՀԿ
Նոր Սերունդ ՀԿ
Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ
Շահխաթուն ՀԿ
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ
Դեմոկրատիան այսօր ՀԿ
Էկոլուր տեղեկատվական ՀԿ
Հույս ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ ՀԿ
Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
Համագործակցություն հանուն զարգացման ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ