2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում` իշխանությունների նկատմամբ քաղաքացիների միահամուռ անվստահությունն արտահայտելու առումով:

Չնայած իշխանության հետևողական փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը և ապահովել արտաքուստ հանգիստ ընտրություններ, ինչպես նաև 2008թ. ընտրակեղծարարությամբ ձևավորված իշխանության վերարտադրում և լեգիտիմացում, Հայաստանի քաղաքացիներն իրենց քվեարկությամբ արտահայտեցին իշխանությունների նկատմամբ իրենց անվստահությունը և բազմաթիվ քաղաքային և գյուղական համայնքներում ընդդիմության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը առավելության հասավ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Մենք, մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակված քվեարկության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը և հերթական անգամ Հայաստանում ձախողում են նախագահի ինստիտուտի լեգիտիմ ձևավորումը:

Քաղաքացիական կառույցների կողմից իրականացված դիտարկումները ցույց են տվել, որ ընտրական ողջ գործընթացը թե նախընտրական և թե քվեարկության փուլում ուղեկցվել են իշխանությունների կողմից կազմակերպված իրավախախտումներով` վարչական ռեսուրսի չարաշահումներով, ընտրակաշառքներով, սպառնալիքներով, լցոնումներով, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությամբ և քվեարկության արդյունքների կեղծմամբ, ինչի մասին առկա են բազմաթիվ փաստեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում տեղադրված տեսագրություններ: Ընտրական հանձնաժողովների անդամներն ուղղակիորեն մասնակից են դարձվել ընտրակեղծարարության գործընթացին, իսկ իրավապահ մարմինները դրսևորել են բացարձակ անգործություն կանխարգելելու և վերացնելու խախտումները: Մինչդեռ, ակնհայտ է, որ լայնածավալ ընտրախախտումները էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ինչի մասին են վկայում հենց պաշտոնական տվյալների վերլուծությունները, այդ թվում` դիտարկված և չդիտարկված տեղամասերում քվեարկության արդյունքների համեմատությունները:

Հարկ ենք համարում արձանագրել, որ ժողովրդավարության խթանման գործում ճանաչված միջազգային դիտորդական առաքելությունների նախնական գնահատականները չեն արտացոլում իրական ընտրական գործընթացները և մեծապես պայմանավորված են քաղաքական դրդապատճառներով: Նման գնահատականները հասարակության շրջանում անվստահություն են սերմանում ոչ միայն եվրոպական կառույցների դիտորդական առաքելությունների, այլև առհասարակ մարդու իրավունքների միջազգային ստանդարտների և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ:

Ժողովրդավարական պետության հիմքում իշխանությունը ժողովրդի կողմից ձևավորելու հնարավորությունն  է և ընտրական գործընթացների օրինավորության նկատմամբ քաղաքացիների վստահությունը: Հայաստանյան ընտրողների կարծիքը, ինչպես և փետրվարյան ընտրություններից հետո տեղ գտնող զանգվածային ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության դրսևորումները հերթական անգամ վկայում են, որ քաղաքացիները չեն հավատում ընտրությունների ազնվությանն ու արդյունքների օրինականությանը: Օրհասական համարելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը` պահանջում ենք ՀՀ իշխանություններից հրապարակել ստորագրված ընտրացուցակները` հավաստիացնելու Հայաստանի ընտրողներին իրենց և բացակա ընտրողների անունները չչարաշահելու հանգամանքը և ձևավորվող իշխանության լեգիմությունը: Հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիները բոլոր հիմքերն ունեն համարելու, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները կեղծվել են` իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակով:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամ

«Մենք Պլյուս» ՀԿ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Էկոլուր» ՀԿ

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ

«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

«Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ

«Նոր սերունդ» ՀԿ

«Սոցիոսկոպ» ՀԿ

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ

«Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ