Հանուն առանց ՁԻԱՀ սերնդի

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» հրավիրում է բոլորին ակտիվ մասնակցելու Երևան քաղաքում իրականացվող միջոցառումներին` նպաստելով երկրում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու խնդրի շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում (Իսահակյան 28, 3-րդ հարկ), որտեղ տեղի կունենա մամլո ասուլիս «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և մարդու իրավունքները» թեմայով: Խոսնակներն են «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Դրական մարդկանց հայկական ցանց», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ների և Իրավական կլինիկա ծրագրի ներկայացուցիչները: Մամլո ասուլիսին հրավիրված են նաև Արման Նշանյանը և Սոս Ջանիբեկյանը:

Այնուհետև, 14:00-ից մինչև 16:00 հրավիրում ենք Շառլ Ազնավուրի հրապարակ (կինո Մոսկվայի հարևանությամբ)` մասնակցելու ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ինտերակտիվ խաղին, որի ժամանակ մասնակցիներին կառաջարկվեն թեմատիկ հարցեր, և դրանց ճիշտ պատասխանելուց հետո հնարավորություն կտրվի նրանց լուսանկարվել հայտնի մարդկանց հետ: Նկարները նույն պահին կներբեռնվեն ֆեյսբուքի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և մարդու իրավունքները էջ:

Նույն օրը 17:00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ես +» ֆիլմի ցուցադրություն, և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց անունից շնորհկալագրեր կհանձնվեն  այն անձանց, ովքեր իրենց մասնագիտական աջակցությունն են երբևէ ցուցաբերել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքներին, գթասրտորեն ծառայություններ տրամադրել և աջակցել են նրանց հաղթահարել խնդիրները:

Միացեք ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային շարժմանը: