«Լռության օրվա» մամլո հաղորդագրություն

19-04-2012

Մենք լռում ենք, որ մեզ լսեն.
իսկ ի՞նչ եք անում դուք, որ խախտեք այդ լռությունը

Աշխարհի տարբեր երկրներում` սկսած 1996թ-ից,  ապրիլի երրորդ ուրբաթը նշվում է որպես լռության օր: Լռության օրվա հիմնական նպատակը ուսումնական հաստատություններում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց և այլ սոցիալական խմբերի նկատմամբ խտրական և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի վրա հասարակության ուշադրության սևեռումն է: Ավելին, այս օրը միտված է նմանօրինակ երևույթները վերացնելուն ու կանխարգելելուն, որպեսզի ուսումնական հաստատությունները դառնան առավել ապահով բոլորի համար` անկախ աշակերտների և ուսանողների սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին տվյալներից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից:

Այսօր ՀՀ կրթական գրեթե բոլոր հաստատություններում կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, ինչպիսիք են բռնությունները, խտրականությունը, ատելության կոչերը, ծաղրանքը, վիրավորանքը` այնպիսի վերաբերմունք, որոնք նվաստացնում են մարդկային արժանապատվությունը և ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Այս կապակցությամբ, ապրիլի 19-ին` «Լռության օրվա» նախօրեին, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ. «Նման վերաբերմունքի աշակերտներն ու ուսանողներն արժանանում են թե´ իրենց համադասարանցիների և համակուրսեցիների, թե´ դասավանդողների և հաստատության այլ աշխատակիցների կողմից: Եվ չնայած այն հանգամանքին, որ նման երևույթների ականատես է եղել մեզանից գրեթե յուրաքանչյուրը, ցավով ենք նշում, որ դա մեր հասարակությունում ոչ միայն չի  դիտարկվում որպես հիմնախնդիր, ավելին, այն համարվում է սովորական երևույթ: Հետևաբար ոչ միայն քայլեր չեն մշակվում նման հիմնախնդիրների ուսումնասիրության, այլև դրանց կանխարգելման և հաղթահարման, հանդուրժողականության սերմանման և զարգացման համար»: Ինչպես նաև հավելեց. «Նման դեպքերի մենք շատ ենք ականատես լինում: 17-ամյա երիտասարդ մի տղա իր ողջ ուսման ընթացքում 3 դպրոց է փոխել խտրականության և ծաղրանքների արդյունքում, քանի որ գեր էր և ուներ նուրբ արտաքին: Իսկ համալսարանում սովորող ազգությամբ եզդի աղջկա կողքին հրաժարվում էին նստել կուրսընկերները»:

Իսկ սոցիալական աշխատող Նվարդ Մարգարյանը խոսեց այն մասին, որ. «Խտրականությունը ու բռնությունը կրթական հաստատություններում ազդում են երեխաների և երիտասարդների ինչպես զարգացման և կյանքի որակի վրա, այնպես էլ ստեղծում են հասարակական լրացուցիչ հիմնախնդիրներ, ինչպիսիք են սոցիալական օտարումը, ագրեսիվ վարքի դրսևորումները, երիտասարդների մոտ թերարժեքության բարդույթները, ընդհուպ մինչև ինքնասպանության փորձ և ինքնասպանություն»:

Մամլո ասուլիսի խոսնակները այնուհետ խոսեցին արդյունավետ կանխարգելման մեխանիզմների և քայլերի  մշակման անհրաժեշտության մասին, մասնավորապես կոմպետենտ մասնագետների առկայության անհրաժեշտությունը կրթական հաստատություններում, ինչպես նաև մարդու իրավունքների կրթությունը և պաշտպանությունը:

Վերջում խոսնակները հավելեցին, որ ապրիլի 20-ին` «Լռության օրը», կազմակերպության աշխատակիցները պահելու են լռություն և չեն տրամադրելու որևէ ծառայություն:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը այս արշավին միանում է 2010 թ-ից ի վեր: Այս տարի արշավի անցկացմանն աջակցում են  Եվրոպական միության պատվիրակությունը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը: