Լրամփոփ | մարտ 2023

31-03-2023

«Ի՞նչ վերաբերմունք ունեմ լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց հանդեպ» քուիզ

Մարտին մենք ներկայացրինք մեր նոր քուիզը, որը մասնակցիներին թույլ է տալիս ստուգել իրենց վերաբերմունքը լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց հանդեպ։ Շատերը վստահ են, որ գիտեն իրենց վերաբերմունքի մասին, սակայն այս խաղը կարող է նոր հարցեր բացահայտել մասնակիցների համար։

Ի դեպ, խաղն անանուն է, և մասնակցելու համար որևէ անձնական տվյալ կամ գրանցում չի պահանջվում։

Միևնույն ժամանակ, խաղը կրթական գործիք է, որի նպատակն է բարձրացնել ԼԳԲՏ անձանց տեսանելիությունը և ընդգծել հանդուրժողականության կարևորությունը հայ հասարակության շրջանում:

ԳԲՏ անձինք շարունակում են ճնշված մնալ բանտերում

Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը, որին անդամակցում է նաև Փինքը, հրապարակել է 2021թ․ տարեկան հաշվետվությունը։

Խումբը 2021թ․ դիտարկել է բանտերում գտնվող գեյ, բիսեքսուալ և տրանս անձանց կեցության պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը և պարզել, որ 2021թ․ ընթացքում ԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը չի վերացել, և որ այն կրում է համակարգային բնույթ։ Նաև նշվում է, որ նույնասեռական անձինք բանտերում բնակվում են միմյանց հետ՝ մյուս ազատազրկվածներից առանձին, ընդ որում՝ նրանց խցերը հիմնականում գտնվում են ոչ բարվոք վիճակում։

Ինչ վերաբերում է ԳԲՏ անձանց մյուս ազատազրկվածներից առանձին պահելուն՝ խումբը նշում է, որ ՔԿՀ-ներում գործող պրակտիկան քողարկվում է նրանց անվտանգությունն ապահովելու պատրվակով։ Իսկ դա իրականում խտրականության դրսևորում է և ավելի է նպաստում ԳԲՏ անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի և խարանի խորացմանը։

«Հաղորդակցություն և հանրային ընկալում» թեմայով դասընթաց

Մարտի 3-ից 5-ը Փինքն անցկացրեց հաղորդակցման դասընթաց, որն ուղղված էր Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքի ձևավորման հարցերին։ Դասընթացի նպատակն էր ԼԳԲՏ հարցերով զբաղվող ՀԿ-ներին և նախաձեռնություններին ներկայացնել ռազմավարական հաղորդակցության առանձնահատկությունները, մասնավորապես՝ Հայաստանում ԼԳԲՏ անձանց ընդունմանն ուղղված հաղորդակցության կառուցման մեթոդները։

Մասնակիցներին ներկայացվեցին ռազմավարական հաղորդակցության հիմնական սկզբունքներն ու նպատակը, ինչպես նաև “Heartwired” մեթոդը, որը մշակվել է Փինքի ամերիկյան գործընկեր հետազոտական կազմակերպության կողմից։ Դասընթացի մասնակիցները ծանոթացան թիրախ լսարանի հետ հարաբերությունների խորացմանն ուղղված գործիքին, ինչպես նաև ուղերձների մշակման սկզբունքներին։