Skip to content Skip to sidebar Skip to footer

ՄԻԱՎ-ի խնդիրներին նվիրված «ՄԻԱՎորենք ջանքերը» 2րդ կոնֆերանսը

ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումը, որի անդամ են հանդիսանում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ», «Փինք», «Ներուժ Զարթոնքի» ՀԿ-ները, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ 2021 թ-ի նոյեմբերի 30-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կազմակերպել էին «ՄԻԱՎորենք ջանքերը․ Նոր մարտահրավերներ ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի համար» կոնֆերանսը։

2021 թվականի 1-ին կիսամյակի դրությամբ ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերը կազմել է 4366, այդ թվում՝ 3029 արական և 1337 իգական սեռի: Գրանցված վարակի փոխանցման հիմնական ուղիներն են՝ հետերոսեքսուալ հարաբերություններ – 72,8%, թմրադեղի ներարկային օգտագործում – 18,0%, հոմոսեքսուալ հարաբերություններ – 5,4%։

Կոնֆերանսի ընթացքում պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչները ներկայացրեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակը Հայաստանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, այդ թվում՝ միգրանտների նկատմամբ կազմակերպությունների կողմից 2020-2021 թթ․ արձանագրված իրավախախտումների, թմրամիջոց գործածող անձանց համայնքային խնդիրների և կարիքների վերաբերյալ ուսումնասիրությունները։ «Փինք» ՀԿ-ի գործադիր տնօրենն ու հաղորդակցման ղեկավարը ելույթ ունեցան ՄԻԱՎ-ով ապրող միգրանտների և համավարակի հետևանքով ԼԳԲՏ անձանց խնդիրների վերաբերյալ, իսկ իրավաբանը ներկայացրեց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում վերջիններիս նկատմամբ իրավունքների ոտնահարումները։

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՄԻԱՎ դրական կարգավիճակով, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությամբ պայմանավորված խտրականության դեպքերը, COVID-19-ի և պատերազմի ազդեցությունը խմբերի կյանքի տարբեր ոլորտների, մասնավորապես՝ առողջապահական ծառայությունների հասանելիության վրա։ Իսկ կոնֆերանսի ավարտին կազմակերպությունները ներկայացրեցին առաջարկություններ՝ խոցելի խմբերի խնդիրների լուծման համար։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի և Առողջապահության նախարարության, բժշկական կազմակերպությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՄԻԱՎ-ի նկատմամբ ռիսկային խմբերի ներկայացուցիչներ։

Զեկույցները հասանելի են այստեղ։