Հոկտեմբերի 2-ին ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումը, որի կազմում են «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ը, «Ներուժ զարթոնքի» ՀԿ-ը և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը (Փինք Արմենիա), ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կազմակերպեցին «ՄԻԱՎորենք ջանքերը» ազգային համաժողովը, որի նպատակն էր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության խնդիրների վերհանումը և դրանց լուծման ուղիների որոնումը:
Միջոցառմանը ներկայացվել է հետազոտություններ, միջազգային և տեղական փաստաթղթերի ուսումնասիրություններ, մասնավորապես, «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ԼԳԲՏ անձանց և ԹՆՕ-ների նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խտրականության դրսևորումների ուսումնասիրություն», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման քաղաքականություններում և ծրագրերում գենդերային զգայուն չափորոշիչների ներդրման հնարավորությունը Հայաստանում» զեկույցները։
2018թ․ Հայաստանում 296-ով ավելացել է ՄԻԱՎ վարակ ունեցողների գրանցված թիվը։ 1988թ․ մինչև 2018թ օգոստոսի 31-ը Հայաստանում գրանցվել է 3204 ՄԻԱՎ-ով ապրող մարդ, որոնց գերակշռող մասը՝ 69%-ը (2222), տղամարդ է։ Հայաստանում ՄԻԱՎ-ը ամենաշատը փոխանցվում է հետերոսքուալ սեռական հարաբերությունների միջոցով՝ 69%, այնուհետև՝ ներարկային՝ 29%, իսկ հոմոսեքսուալ ճանապարհով փոխանցվելու դեպքերը 4% են կազմում։
Հանդիպմանը մասնակցել են պետական, միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ։
Հանդիպմանը նաև ներկայացվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը արտահայտող սոցիալական փորձարկում, որը կարող եք դիտել ստորև։