IDAHOBIT-ի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում

19-05-2022

Մայիսի 17-ին՝ IDAHOBIT շաբաթվա շրջանակներում, տեղի ունեցավ Փինք իրավապաշտպան ՀԿ-ի և գործընկերների կողմից կազմակերպված «Անպատժելիության 10 տարին» խորագրով կլոր սեղան-քննարկումը։ Հանդիպման ժամանակ ներկայացվեց Փինքի հրատարակած «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2021թ․ ընթացքում» տարեկան զեկույցը, որն ամփոփում է 2021թ․ ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ զուգորդված մարդու իրավունքների խախտումները։

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և տեղական քաղհասարակության ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, ինչպես նաև կազմակերպության շահառուներ, աջակիցներ և Փինքի ռազմավարական դատավարությունների դեպքերով տուժած անձինք։

Քննարկման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, որը կարևորեց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն որպես մեկ օրվա ընթացքում քննարկելու հարց, այլ նաև ամենօրյա ջանքեր պահանջող խնդիր։

Պաշտպանը նաև անդրադարձավ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությանը՝ որպես առաջնահերթություն՝ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրությունը արգելում է ցանկացած հիմքով խտրականությունը։ Քրիստինե Գրիգորյանի խոսքով` եթե մարդու իրավունքների մյուս ոլորտներում առկա է օրենսդրության պատշաճ կիրառման խնդիր, ապա այս ոլորտում օրենսդրական դաշտը առհասարակ բաց է, ինչը հանգեցնում է մարդու իրավունքների ոտնահարումների։ Այս առումով շեշտվեց նաև ահռելի անելիքները ոչ միայն գործնականում, այլ նաև օրենսդրական կարգավորումների ուղղությամբ։

Քրիստինե Գրիգորյանը նաև ընդգծեց, որ մարդու իրավունքների համընդհանուր լինելու սկզբունքի պահանջն է յուրաքանչյուրի իրավունքի հավասարապես պաշտպանությունը, քանի որ որևէ խնդիր կամ որևէ անձի իրավունքների պաշտպանություն չի կարող ստորադասվել մեկ այլ անձի իրավունքներից։

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց մտահոգությունը Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իրենց գործունեության մեջ առանցքային դեր ունի, և որ խրախուսվում է պատշաճ քայլեր ձեռնարկել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Խնդրին մասնավորապես անդրադարձավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը․ «Մենք խրախուսում ենք անձնական ընտրության իրավունքը՝ առանց դատելու, առանց վերահսկելու, առանց որոշելու կամ առաջնորդելու մարդու անձնական ընտրությունները․ սա մեզ համար առանցքային խնդիր է: Հայաստանը ընտրել է ժողովրդավարության ուղին, հետևաբար, բազմակարծությունը, ներառականությունն ու արդարությունը դրան հասնելու միակ հնարավոր ճանապարհներն են։ Բացի այդ, պատասխանատվությունը համարվում է ժողովրդավարության բնութագրիչներից մեկը։ Այնպես որ, մենք բոլորս պատասխանատու ենք, և բոլորս էլ մեր դերն ունենք այս հարցում: Պետությունը նախ պետք է պաշտպանի իր բոլոր քաղաքացիներին, և այստեղ շատ կարևոր է, որ խտրականության մասին օրենքն ընդունվի»։

Իսկ Հայաստանում Շվեդիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Անիկա Նորդին Ջայավարդենան նշեց հետևյալը․ «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և գենդերային հավասարությունը մեր ռազմավարության առանցքային խնդիրներից են, և որպես դրա մաս մենք աջակցում ենք Փինք իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը։ ԼԳԲՏՔԻ անձանց նկատմամբ խտրականությունը, նրանց իրավունքների ոտնահարումը և խտրական օրենսդրության փոփոխությունը մեզ համար կարևոր խնդիր է»։

«Դի Այ ՈՒայ» ակումբի դեպքը որպես կազմակերպության ռազմավարական դատավարություն ներկայացրեց Փինքի փաստաբանը՝ նշելով, որ 2022թ. լրանում է ակումբի պայթեցման 10 տարին։ Խորհրդանշական է, որ մայիսի 17-ի կլոր սեղան-քննարկման ժամանակ փաստաբանի ելույթից անմիջապես հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց դատական գործի վճիռը։ Ըստ վճռի՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ՝ Խոշտանգումների արգելման հոդվածով («Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի») և 14-րդ՝ Խտրականության արգելման հոդվածով («Կոնվենցիայով ամրագրված իրավունքների և ազատությունների օգտագործումը պետք է ապահովվի առանց որևէ հիմքով խտրականության․․․») հաստատվեց, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։

Վճռի կայացման մասին հայտնեց Փինքի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը՝ նշելով․ «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Դի Այ ՈՒայ»-ի պայթեցման գործով վճիռը։ Ուղիղ տասը տարի անց Եվրոպական դատարանը ճանաչեց մարդու իրավունքների խախտում, մասնավորապես՝ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող իրավունքից զերծ լինելու և խտրականությունից զերծ լինելու իրավունքի խախտում․․․ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ տասը տարի անց արդարադատությունը ինչ-որ տեղ վերականգնված է»։

Շուռնուխի դեպքով տուժած անձինք նույնպես ներկա էին հանդիպմանը, և նրանցից մեկն արտահայտեց իր մտահոգությունները Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ տեղի ունեցող խտրականության դեպքերի մասին և նշեց, թե ինչ ծանր հետևանքներ է թողել սույն դեպքն իրենց կյանքում։

Ելույթներով հանդես եկան նաև գործընկեր կազմակերպությունները՝ ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց գործունեությունը: