BI1

Բիսեքսուալների մասին կան բազմաթիվ տարօրինակ կարծրատիպեր և նախապաշարումներ, որոնք բխում են երևույթի նկատմամբ սխալ պատկերացումներից: Սակայն, ի տարբերություն ոչ հետերոսեքսուալ շատ անձանց, բիսեքսուալները երբեմն բախվում են այդ նույն կարծրատիպերին հենց ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի կողմից:

Տարածված թյուրըմբռնումների պատճառով բիսեքսուալ մարդիկ հաճախ պատկերվում են չկողմնորոշված, ագահ, «կեղծ գեյեր» կամ էլ տենդենցով տարված հետերոսեքսուալներ: Հենց այդ թյուրիմացությունների և կարծրատիպերի վերաբերյալ իրական պատկերի բացահայտման նպատակով սեպտեմբերի 23-ին՝ Բիսեքսուալության միջազգային օրը, ՓԻՆՔ Արմենիա ՀԿ-ն կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Անսովոր հանդիպում սովորական մարդկանց հետ» խորագրի ներքո:

Հանդիպմանը մասնակցեցին ԼԳԲՏ համայնքի 24 ներկայացուցիչ, ում հնարավորություն էր ընձեռվել տալ իրենց հետաքրքրող ցանկացած հարց 4 հրավիրյալ բիսեքսուալ բանախոսներին և բացահայտել, թե ինչ է իրականում բիսեքսուալությունը, ովքեր են բիսեքսուալ մարդիկ և ինչպիսի դժվարությունների են հանդիպում նրանք ԼԳԲՏ համայնքում և համայնքից դուրս:

Բիսեքսուալության տեսանելիության միջազգային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 23-ին: Այն առաջին անգամ նշվել է 1999թ. գեյերի և լեսբիների միջազգային ասոցիացիայի (ILGA) կողմից: Դրանից հետո տոնը աստիճանաբար տարածվել է ամբողջ աշխարհով և այժմ նշվում է Գերմանիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: