Նվաստացումները, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը և բռնությունը ՀՀ կրթական հաստատություններում

19-04-2013

«Լռության օր»

Ապրիլի 19-ին` «Լռության օրվա» կապակցությամբ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն կազմակերպել էր մամուլի ասուլիս-քննարկում ՀՀ կրթական հաստատություններում նվաստացումների, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի և բռնությունների մասին:

Կազմակերպության ծրագրերի համակարգող, սոցիալական աշխատող Նվարդ Մարգարյանը նշեց, որ «Աշխարհի տարբեր երկրներում` սկսած 1996թ-ից, ապրիլի երրորդ ուրբաթը նշվում է որպես լռության օր: Լռության օրվա հիմնական նպատակը ուսումնական հաստատություններում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց և այլ սոցիալական խմբերի նկատմամբ խտրական և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի վրա հասարակության ուշադրության սևեռումն է: Ավելին, այս օրը միտված է նմանօրինակ երևույթները վերացնելուն ու կանխարգելելուն, որպեսզի ուսումնական հաստատությունները դառնան առավել ապահով բոլորի համար` անկախ աշակերտների և ուսանողների սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին տվյալներից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից»: Այնուհետ նա ներկայացրեց այն դեպքերը, անձնական պատմությունները, որոնք կազմակերպության աշխատակիցները հավաքագրել էին իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում:

Հոգեբան-թերապևտ Նարինե Հովակիմյանի կարծիքով «գոյություն ունի կարծրատիպ, որ ուսումնական հաստատություններում նվաստացումների, բռնության զոհ կարող են դառնալ միայն մարդիկ, ովքեր ունեն ակնառու տարբերություններ տվյալ հասարակության համեմատ: Սակայն արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը կարող է դրսևորվել յուրաքանչյուրի նկատմամբ, ոչ մեկ ապահովագրված չէ սադրանքի զոհ դառնալուց»:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հոգեբան Էլվիրա Մելիքսեթյանն էլ հավելեց, թե ինչպես կարելի է հաղթահարել արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը: «Նախևառաջ պետք է հիշել, որ յուրաքանչյուր ոք ունի շրջապատում հարգված լինելու, ազնիվ վերբերմունքի, ապահովության զգացման իրավունք: Երեխան կարող է օգնություն խնդրել վստահելի մեծահասակից, անհրաժեշտ է միայն երեխաներին հասկացնել, որ մեծահասակներից օգնություն խնդրելն ամոթ չէ, փորձել պարզաբանել «խնդիրն» ագրեսորի հետ: Անտարբերությունը երբեմն ամենից ուժեղ զենքն է»:

Վերջում խոսնակները հավելեցին, որ ապրիլի 19-ին նրանք լռելու են բոլոր այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն խոսելու իրենց նկատմամբ կիրառված խտրականության դրսևորումների մասին: