Մայիսի 17-ին նշվում է Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրը` IDAHO-ն (International Day Against Homophobia and Transphobia): Աշխարհի ավելի քան 70 երկրներում այս օրը նշվում է և դարձել է կարևոր օր տարեկան միջոցառումների ցիկլում:

Ներկայումս հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրը պաշտոնապես ճանաչվել է ԵՄ-ի խորհրդարանի, Իսպանիայի, Բելգիայի, Միացյալ Թագավորության, Մեքսիկայի, Կոստա Ռիկայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, վերջերս էլ Բրազիլիայի, ինչպես նաև բազմաթիվ անհատների, կազմակերպությունների և կառույցների կողմից: Արգենտինայում, Բոլիվիայում, Ավստրալիայում, Խորվաթիայում և այլ երկրներում քաղաքացիական հասարակության տարբեր ազգային կոալիցիաներ կոչ են հղել իրենց իշխանություններին` այդ օրը պաշտոնապես ճանաչելու:

Լուի-Ժորժ Տէնը, ով ֆրանսիական համալսարանի դասախոս է, աֆրոամերիկացիների և ԼԳԲՏ անձանց իրավունքների ջատագով, նաև «Հոմոֆոբիայի բառարանի» գլխավոր խմբագիրն է, 2004 թվականի օգոստոսին նախաձեռնությամբ հանդես եկավ` ստեղծելու Հոմոֆոբիայի դեմ միջազգային օր, որը կլիներ գլոբալ իր մասշտաբներով: Նա սկսեց արշավ «Հոմոֆոբիայի դեմ միջազգային օրվա ճանաչման» համար և առաջարկեց այն նշել մայիսի 17-ին` հիշատակելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված որոշումը, ըստ որի` նույնասեռականությունը հանվեց հոգեկան շեղումների ցանկից:

Միջազգային հարթակից ետ չի մնում նաև Հայաստանը: Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ի ջանքերով է, որ 2010 և 2011 թվականներին Հայաստանը դարձավ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրվա մասնակից: Ուրախ ենք նշել, որ այս կարևոր օրը Հայաստանում նշվել է ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում:

Ծիածան Ֆլեշմոբ (RainbowFlash) միջոցառումը կազմակերպվում է ամեն տարի: 2010 թվականին տվյալ միջոցառմանը մասնակցել է աշխարհի 48 քաղաք, այդ թվում և Երևանը, իսկ 2011 թվականին նրանց թիվը հասավ 50-ի: Մասնակիցների թվին են դասվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը (2010 թվականին 23 քաղաք), Գերմանիան (21 քաղաք), Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Իսրայելը, Չեխիան, Սինգապուրը և Հայաստանը:

Միջոցառման խորհուրդն է ծիածանի վեցը գույներով փուչիկներ բաց թողնել երկինք, որի միջոցով կարտահատվի մարդկանց ցանկությունը` պայքարելու հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ: Չնայած այդ օրվա գույները նախապես սահմանված են, սակայն մենք դրան ավելացրել էինք նաև վարդագույնը` որպես մեր կազմակերպության գույն: Միջոցառմանը մասնակցում էին բոլոր ցանկացողները` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ այլ բնութագրիչներից:

Փաստ է, որ Հայաստանում նույնասեռականությունն ապաքրեականացվել է 2003 թվականին: Դա կարևոր օրենսդրական փոփոխություն էր երկրի իմիջի համար: Բնականաբար, դա դեռևս չփոխեց մարդկանց վերաբերմունքը. չնայած նրան, որ մեր օրերում սեռականության և, հատկապես, նույնասեռականության թեմաների վրա եղող տաբուի դիմակը պատռվում է, ԼԳԲՏ անձինք դեռևս խոցելի են, չհասկացված, ոչ բավականաչափ տեսանելի: Սրա համար է, որ չնայած երբեմն երկրում առկա թշնամական վերաբերմունքին` որոշ ԼԳԲՏ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ ջանում են փոփոխել իրավիճակը:

Մայիսի 17-ին, ժամը 7:00-ին մարդիկ հավաքվեցին Երևանում` Կարապի Լճի մոտ, «Ծիածան Ֆլեշմոբ 2011-ին» մասնակցելու համար: Գունագեղ հատվածը սկսվեց այն ժամանակ, երբ մասնակիցներին բաժանվեցին մեր` «Ինչպես ես եմ» ուղերձով կրծքանշաններ: Ոգևորված, դեմքներիս երջանիկ ժպիտներով և բարձր տրամադրությամբ միմյանց փուչիկներն էինք բաժանում: Ոչ միայն ԼԳԲՏ, այլև նաև հետերոսեքսուալ կանայք և տղամարդիկ էին մասնակցում միջոցառմանը:

Վայրկյաններ անց սկսվեց ամենահաճելին… բազմաթիվ գույնզգույն փուչիկներ մեր գլխավերևում, որ սկսեցին երկնքով ճախրելու իրենց սիրաշատ և խաղաղարար առաքելությունը: Հաճելի փորձառություն է, հատկապես, երբ տարին մեկ անգամ է լինում:

Տրամադրությունը բարձր էր. տղաներ, աղջիկներ, և այլոք զրուցում էին և կատակում: Շուրջբոլորն ուրախություն էր: Ինչքան կարևոր է նման փոքրիկ, բայց խթանող և քաջալերող միջոցառումներ անելը: Միջոցառումներ, որ ոգևորում են և վերակենդանացնում հույսը: Հույսը և հավատը, որ հնարավոր է ապրել մի երկրում, ուր քաղաքով մեկ պաստառներ են փակցրած, որ կոչ են անում դատապարտել նույնասեռականությունը, որովհետև դա պղծում է ազգը (իրենց խոսքերով)… հույս և հավատ, որ փոփոխությունը հնարավոր է, և որ մենք կարող ենք ստեղծել մեր փոքրիկ Հայաստանը. ներառող, առանց խտրականության, ընկերական և մարդասեր` անկախ ցանկացած բնութագրիչից…

Սիրո շողեր ու դրական էներգիա էր մեզ շրջապատում այդ օրը:

* Տեսանյութը