Այս տարի նոյեմբերի 8-10-ը կազմակերպվեց Փինքի 5-րդ հոբելյանական «Ծիածան» ֆորումը, որն ամենամյա միջոցառում է։ Մոտ 60 մասնակիցների թվում  էին ինչպես ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր) անձինք, այնպես էլ նրանց ծնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ, ակտիվիստներ, իրավաբաններ, առողջապահական և հարակից ոլորտի մասնագետներ։

Ֆորումի խորագիրն էր «ԼԳԲՏ շարժման անցյալը, ներկան և ապագան»։ Ֆորումն անդրադարձ կատարեց շարժման ակունքներին, քննարկվեցին ներկա աշխատանքները, մարտահրավերներն ու առաջընթացները, ինչպես նաև համայնքի ակնկալիքներն ու պլանները՝ շարժման զարգացման ու դրական փոփոխությունների համար։

«Ծիածան» ֆորումն ընթացավ արդյունավետ քննարկումների, փոխադարձ հարգանքի, վստահության ու փոխաջակցման մթնոլորտում։ Ֆորումի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ՝ սկսած արվեստից և հասարակության մշակութային կյանքում դրա նշանակությունից մինչև այն, թե ինչպես է սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքն անդրադառնում ԼԳԲՏՔ անձանց ու նրանց հարազատների կյանքի վրա։ Ֆորումի ժամանակ հարթակ ստեղծվեց ծնողների համար՝ կիսվելու իրենց պատմություններով, իրենց զավակների հետ ջերմ հարաբերությունների ստեղծման ու փոխադարձ հարգանքի կարևորության մասին։   

Ֆորումի ժամանակ մասնակիցները նաև ներկայացրին իրենց նախաձեռնություններն ու կազմակերպությունները, կիսվեցին իրենց գաղափարներով ու առաջարկներով: Մեր գործընկերները ներկայացրին հայկական մշակույթում սեռականության սոցիալ-պատմական շերտերի գիտական ուսումնասիրությունը, իսկ ԼԳԲՏ+ հավասարության արևելյան Եվրոպայի կոալիցիայի գործընկերները կիսվեցին Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի իրենց փորձով։

Ֆորումի ընթացքում քննարկվեցին առկա մի շարք խնդիրներ՝ կապված հասարակությունում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի, տարբեր լրատվամիջոցների, քաղաքական գործիչների ու ուժերի կողմից ԼԳԲՏՔ թեմաների շահարկման ու մանիպուլյացիաների հետ։

Ֆորումի մի քանի մասնակիցների ցանկություն հայտնեցին նաև ավանդական խմբային նկարում երևալ, և սա առիթ էր հիշել, թե ինչպես 2015թ․ առաջին ֆորումից հետո հրապարակած նկարը մի մեծ պատմություն ստեղծեց։