ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը. Հասնել զրոյի

01-12-2011

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, և այն առիթ է մեկ անգամ ևս խոսելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրների, մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, ձեռքբերումների և առկա խնդիրների մասին: Այս տարի ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը իրականացրեց հետևյալ միջոցառումները` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան:

Միջոցառումների մեկնարկը տրվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, որտեղ կայացավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամլո ասուլիս: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարարական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողների ցերեկային կենտրոնի տնօրեն, Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, մի շարք հասարակական և միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Այնուհետև Երևան քաղաքի համալսարանների շրջանում իրականացվեց երթ: Երթի մասնակիցները հագել էին «Հասնել զրոյի» խորագրով շապիկներ և կրում էին պաստառներ հետևյալ կարգախոսներով. «Ավելի հեշտ է չվարակվել, քան բուժվել», «0 ՄԻԱՎ-ի նոր դեպք, 0 մահացություն ՁԻԱՀ-ից, 0 խտրականություն», «գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ», «փոխադարձ հավատարմությունը կփակի ՄԻԱՎ-ի մուտքը ընտանիք», «անվտանգ սեռական հարաբերությունը իմ ընտրությունն է», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը վերաբերվում է ինձ, վերաբերվում է բոլորին», «ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ընկերության միջոցով» և այլն: Երթի ընթացքում մասնակիցները անցորդներին բաժանեցին նաև տեղեկատվական տպագիր նյութեր և թռուցիկներ:

Դեկտեմբերի 1-ին պարզ դարձավ նաև «ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով 2011» մրցանակակիրների անունները: Ընտրությունը իրականացվել էր` ըստ քվեարկողների ձայների մեծամասնության, ինչի արդյունքում այս տարվա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովեր են ճանաչվել.

  1. հանրային գործիչ` Ռալֆ Յիրիկյան, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն,
  2. ԶԼՄ` «Հետք» online թերթ, գլխավոր խմբագիր` Էդիկ Բաղդասարյան
  3. տեղական հասարակական կազմակերպություն` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, նախագահ` Մամիկոն Հովսեփյան,
  4. միջազգային կազմակերպություն` Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան, ղեկավար` Լարիսա Մինասյան,
  5. պետական կառույցի ներկայացուցիչ` Պետրոս Սեմերջյան, Հանրապետական նարկոլոգիական կլինիկա,
  6. մշակութային գործիչ` DJ Vakcina:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության մեջ կարևոր ներդրում ունենալու համար հանձնվեցին նաև շնորհակալագրեր՝

  • Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին,
  • Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք ՀԿ-ին, նախագահ` Արթուր Պոտոսյան,
  • ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանին,
  • ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ղեկավար Նաիրա Սարգսյանին,
  • «Առավոտ» օրաթերթին, գլխավոր խմբագիր` Արամ Աբրահամյան,
  • լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով Հայփոստի Կիևյան մասնաճյուղում մարվեց ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը նվիրված հատուկ նամականիշ: Աշխարհի 20 խոշոր փոստային ընկերություն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդրին նվիրված նամականիշներ և ֆիլատելիստական այլ ապրանքներ է թողարկում: Հայփոստը ևս միացավ այս նախաձեռնությանը և 30 հազար օրինակով հատուկ նամականիշ տպեց:

Իսկ արդեն երեկոյան տեղի ունեցավ հանրային միջոցառում Մոսկվա կինոթատրոնի մոտ, որտեղ սեղանի վրա տեղադրված էին բազում նվերներ: Անցորդները դրանք ստանալու համար պատասխանում էին նվերին փակցված հարցին: Միջոցառումը սկսելուց արդեն մի քանի րոպե հետո սեղանների մոտ հերթ էր գոյացել, և բոլորը ցանականում էին պատասխանել հարցերին` ստանալու համար իրենց նվերները:

Իսկ Դեկտեմբերի 2-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի պետական և ոչ պետական համալսարաններում կազմակերպվեցին և իրականացվեցին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մարդու իրավունքներ» թեմայով դասախոսություններ, որոնց մասնակցեցին ավելի քան 200 ուսանողներ տարբեր բուհերից: