Ահա և ավարտին է մոտենում 2019 թվականը։ Այս տարի հատկանշական էր կազմակերպության և համայնքի համար։ Եղան և՛ ձեռքբերումներ, և՛ մարտահրավերներ։ Նախ, կազմակերպությունը վերագրանցվեց՝ ստանալով «Փինք» իրավապաշտպան ՀԿ անվանումը, իսկ կանոնադրությամբ ավելի հստակ նշվեցին մեր շահառուներն ու իրավապաշտպան ոլորտում տարվող աշխատանքները ԼԳԲՏ անձանց համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի Փինքն իրականացրեց բազմաթիվ և բազմաբովանդակ միջոցառումներ։ Կարևոր է նշել Փինքի 5-րդ հոբելյանական «Ծիածան» ֆորումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ԼԳԲՏ շարժման ակունքներին, քննարկվեցին ներկա աշխատանքները, մարտահրավերներն ու առաջընթացները, ինչպես նաև համայնքի ակնկալիքներն ու պլանները՝ շարժման զարգացման ու դրական փոփոխությունների համար։

Ուշագրավ է անդրադառնալ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հարցերին։ Նախ, Փինքը հրապարակեց 3 զեկույց՝ մեկը ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի, և երկու վերլուծությունը՝ ԼԳԲՏ անձանց նկատամբ ատելության խոսքի և խտրականության վերաբերյալ։ Այդ առումով անհրաժեշտ է նշել, որ այս տարի ակտիվացել էին տարբեր քաղաքական ուժերի և նրանց աջակցող խմբերի կողմից ԼԳԲՏ հարցերը շահարկելու, մանիպուլյատիվ միջոցներով իրականությանը չհամապատասխանող, անհանդուրժողականություն սերմանող տեղեկությունների տարածումը։ Անգամ որոշ գործիչների կողմից առաջ բերվեցին նույնասեռական անձանց մարդու իրավունքները սահմանափակող նախագծեր։ Ակներև էր, որ որոշ քաղաքական ուժերի կողմից ԼԳԲՏ թեմաների շահարկումն ուներ քաղաքական նպատակ՝ դիվիդենտներ հավաքելու և հասարակությանը սիրաշահելու համար։

ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտը շարունակվեց մնալ հասարակության տարբեր ոլորտներում։ ՀՀ ԱԺ-ում տրանս կնոջ ելույթից և ծանրամարտիկ Մել Դալուզյայի մասին ֆիլմի լուրերից հետո ավելի տարածվեցին ատելության խոսքերն ու խտրական վերաբերմունքի դրսևորումները։ Փինքը մի շարք կազմակերպությունների հետ համատեղ հանդես եկավ հայտարարություններով՝ դատապարտելով անձանց կողմից խտրականություն և թշնամանք սերմանող, բռնություն հրահրող ելույթներն ու վարքագիծը։

Ցավոք, 2019-ին ևս ունեցանք ԼԳԲՏ անձանց իրավունքներն ոտնահարող բազմաթիվ դեպքեր։ Փինքը, լինելով համայնքահեն կազմակերպություն, միշտ եղել է ԼԳԲՏ անձանց կողքին՝ տրամադրելով իրավաբանական, հոգեբանական և սոցիալական աշխատողի ծառայությունների ամբողջական փաթեթ։ Այս տարի տրամադրվել է իրավաբանի՝ ավելի քան 250, սոցիալական աշխատողի՝ 130, հոգեբանի՝ 850 և հավասարը հավասարին խորհրդատվություններ։

Փինքը կարևորում է ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային կառույցների և այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցությունը։ ԼԳԲՏ անձանց խտրականությունից և բռնությունից պաշտպանությունն ապահովելու նպատակով մենք ակտիվ գործունեություն էինք ծավալում օրենսդրության և քաղաքականության փոփոխությունների համար։ Մասնավորապես՝ Փինքը շարունակում է ջատագովել հակախտրականության համապարփակ օրենսդրության ընդունման համար, առաջարկություններ ներկայացնում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունում, Մարդու իրավունքների Համընդհանուր պարբերական դիտարկմանը, ազգային և միջազգային կառույցներին՝ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդրման նպատակով։

Մենք հուսով ենք, որ գալիք Նոր տարում կապահովվեն այն սահմանադրական երաշխիքները, որոնց պայմաններում բոլոր մարդկանց իրավունքները հավասար պաշտպանված կլինեն և յուրաքանչյուր ոք ազատ կլինի՝ անկախ իր սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և գենդերային արտահայտումից: