Մայիսի 15-ին Մարդու իրավունքների տուն Երևանում ներկայացրեցինք մեր 3 նոր զեկույցները։ Այս միջոցառումը կազմակերպվել է IDAHOT շաբաթվա շրջանակներում՝ մայիսի 17-ի՝ Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ։

Միջոցառմանը ներկայացվեցին հետևյալ զեկույցները՝

Փինք Արմենիայի Նախագահ Լիլիթ Ավետիսյանը ներկայացրեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը՝ արձանագրված դեպքերի փաստերի ներկայացման և իրավական վերլուծության հիման վրա։ Նա նշեց, որ զեկույցում ներառվել են նաև ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերում պետական մարմինների ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց, հասարակական գործիչների ատելություն, անհանդուրժողականություն սերմանող խոսքերը։ Վերջինս հայտնեց, որ 2018թ.-ի ընթացքում Փինք Արմենիան արձանագրել է սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով պայմանավորված խտրականությամբ զուգորդված իրավախախտումների 25 դեպք, որոնցից 10-ի դեպքում տուժողը չի ցանկացել գործին որևէ իրավական ընթացք տալ։ Նա նշեց նաև, որ դեպքերից 12-ով ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որտեղ 6-ով հարուցվել է քրեական գործ, մյուս 6-ով՝ ոչ։ Բանախոսը ներկայացրեց ԼԳԲՏ անձանց նկատմամբ կյանքի,  խոշտանգումներից կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, հավաքների ազատության, արտահայտման ազատության և այլ իրավունքների խախտման մի շարք օրինակներ, ինչպիսիք են՝ Շուռնուխի բռնությունը, տրանսգենդեր անձանց նկատմամբ հարձակումները, ընտանեկան բռնության դեպքերը, և այլն։ Վերջինս անդրադարձ կատարեց նաև պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, առաջընթացին ու թերացումներին, որի արդյունքում ներկայացվել էին առաջարկներ։

Փինք Արմենիայի իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը ներկայացրեց Շուռնուխ գյուղում 9 երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց և ակտիվիստների նկատմամբ կատարված բռնության դեպքի արձագանքի իրավական վերլուծությունն ատելության խոսքի համատեքստում։ Նա հայտնեց այդ անձանց նկատմամբ իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով պայմանավորված խտրականության, ատելության խոսքի առկայությունն ու հիմնավորվածությունը՝ միջազգային և ներպետական իրավակարգավորումների շրջանակներում։ Նա ներկայացրեց իրավախախտների, պետական պաշտոնյաների/քաղաքական գործիչների, հասարակական և կրոնական կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, հասարակության անդամների կողմից հնչեցված ատելության խոսքերի, անհանդուրժողականություն, թշնամանք, վիրավորանք պարունակող արտահայտությունների, հայտարարությունների ու բռնության կոչերի մի շարք ակնառու դեպքեր, ինչպիսիք են՝ ԱԺ պատգամավորներ Գ․ Պետրոսյանի, Էդ․ Շարմազանովի, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, Եփրեմ քահանա Հարությունյանի և այլոց ատելության խոսքերը։ Այնուհետև, վերջինս նշեց վերոնշյալ խմբերի կողմից այդպիսի խոսքի դրսևորումների բացասական ազդեցությունն ու վտանգավորությունը,  ինչպես նաև՝ թե ինչով է պայմանավորված ատելության խոսքը կամ ինչո՞վ է արդարացվել/ում բռնությունը, որոնք են այն հիմնական մանիպուլյացիոն գործիքները և հանգամանքները, որոնք անձնական և/կամ քաղաքական նպատակներով օգտագործվում են ԼԳԲՏ անձանց դեմ։ Ապա անդրադարձ կատարվեց արտահայտման ազատության սահմանափակմանն ատելության խոսքի համատեքստում։

Փինք Արմենիայի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ պետական պաշտոնյաների կողմից դրսևորված ատելության խոսքը 2004-2018 թվականներին։ Նա նշեց, որ ատելության խոսքը պետական պաշտոնյանների կողմից արտահայտվել է ոչ միայն շարունակաբար, այլև՝ տարիների ընթացքում ավելի ու ավելի համատարած բնույթ կրել։ Նա հայտնեց, որ ավելի քան 14 տարի Հայաստանը ձախողել է մշակել ատելության խոսքի դեմ պայքարելու իրավական մեխանիզմներ, մինչդեռ քաղաքական գործիչները շարունակել են տարածել ատելության խոսքն ու խտրականությունը։ Վերջինս, ներկայացնելով պետական պաշտոնյաների կողմից հնչեցված ատելություն, թշնամանք, անհանդուրժողականություն սերմանող խոսքերի, խտրականությունը հրահրող, վիրավորող արտահայտությունների, բռնության կոչերի մի քանի օրինակներ, հայտնեց, որ դրանք ավելի են տարածում խտրական վերաբերմունքն ու անհանդուրժողականության մթնոլորտը ԼԳԲՏ անձանց նկատմամբ։ Բանախոսը նաև հայտնեց, որ նրանց կողմից ատելության խոսքն արդարացնող մեկնաբանությունները նույնպես վտանգավոր ազդեցություն և հետևանքներ են ունենում։ Վերջինս նշեց, որ պետական պաշտոնյաների կողմից ատելության խոսքեր, բռնության կոչեր հնչեցնելը, դրանց համար պատասխանատվության չենթարկելը կամ դրանք իշխանությունների կողմից չդատապարտելը, ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և հիմք հանդիսանում հետագա ատելության խոսքերի, ատելության հիմքով հանցագործությունների կատարման։ Իսկ վերջում ներկայացվեցին մի շարք օրենսդրական բարեփոխումների և այլ առաջարկություններ։