Amnesty International«Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի նոր զեկույցը վեր է հանում Հայաստանում հետապնդումների տագնապալի մշակույթ: Զեկույցն անվանվել է «Հայաստան. տարբերությունների համար տեղ չկա» (զեկույցն ամբողջությամբ` անգլերեն և ռուսերեն):

Առաջին հայացքից թվում է, որ Հայաստանում ազատ արտահայտման խնդիրներ չկան: Տարբեր թեմաներին վերաբերող քննադատական տեսակետներն ազատ արտահայտվում են թերթերում, հեռուստատեսությամբ և համացանցով: Սակայն որոշ թեմաներ դուրս են մնացել վճռորոշ քննարկումներից կամ դիտարկումներից: «Պետական կամ ազգային շահ» համարվող խնդիրների շուրջ քննադատորեն խոսելը շարունակում է մնալ տաբու: Անգամ ՀԿ-ները և մարդու իրավունքների պաշտպանները, ում առաջնային դերն այս հարցերը կասկածի տակ դնել և քննելն է, խուսափում են «ոչ-հայրենասիրական» դիրքորոշումից:

Ոտնձգություններն ու ահաբեկումը այն մարդկանց նկատմամբ, ովքեր ընդդիմանում կամ վիճարկում են պետությունը կամ հիմնական սոցիալական արժեքները, հաճախ ընկճող ազդեցություն են թողնում այլոց վրա:

Ներքին և միջազգային պարտավորություններով Հայաստանի իշխանությունները ստանձնել են ապահովել ակտիվիստների ծավալած գործունեությունն առանց  որևէ միջամտության, խոչընդոտների, խտրականության կամ փոխվրիժառության վախի:

Զեկույցն ավելի շատ Հայաստանի` միջազգային օրենքներով ստանձնած պարտավորթյունների, բանակում չարաշահումների դեպքերի ուսումնասիրման, հակամարտության կարգավորմամբ զբաղվող ակտիվիստների վրա հարձակումների, խտրականության և ատելության հիմքով կատարվող հնարավոր հանցագործությունների մասին է:

Զեկույցը նաև վեր է հանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր  (ԼԳԲՏ) անձանց նկատմամբ  խտրականությունները և իշխանությունների` նրանց պաշտպանելու անպատրաստակամությունը:

Այն արձանագրում է  Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականության և ատելության հողի վրա հանցագործության դեպքերը,  ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների, ակտիվիստների և լրագրողների դեմ իրականացված ոտնձգություններն ու հարձակումները:

«Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի հետազոտող Նատալիա Նոզաձեն նշում է. «Այդպիսի հարձակումների արժանացածները հաճախ մնում են առանց համապատասխան պաշտպանության և նրանց նկատմամբ իրագործած հանցանքները չեն պատժվում, ինչը բացասաբար է ազդում ուրիշների վրա»:

«Արդյունքում լրագրողներն ու մարդու իրավունքների պաշտպանները հաճախ ինքնագրաքննություն են անում վիճելի հարցերի շուրջ, ինչը հետագայում Հայաստանի հասարակությունում պատճառ է դառնում  կարծիքների բազմազանության տարածքի փոքրացմանը»: