Հայաստանում խտրականության բոլոր ձևերի արգելման մասին օրինագծի ընդունման գործընթացը կասեցվել է, իսկ այն դրույթները, որտեղ հատուկ նշված էին սեռական կողմնորոշման հիման վրա խտրականության արգելքը, հանվել է, ասված է «Ամնեսթի Ինթերնեյշընըլ» իրավապաշտպան կազմակերպության 2014/2015թթ. տարեկան զեկույցում:

Խտրականության դեմ օրենքի նախագիծը պատրաստվել էր Հայաստանի և Եվրոմիության միջև Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում, սակայն այդ աշխատանքները դադարեցվեցին, երբ Հայաստանի իշխանությունները որոշեցին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, նշված է զեկույցում:

Հաշվետվությունում անդրադարձ կա նաև ԼԳԲՏ բարեհաճ «Դի-Այ-Ուայ» բարի պայթեցմանը: Մասնավորապես ասվում է, որ բարը հրկիզած երկու երիտասարդներին 2013թ. հուլիսի 25-ին Երևանում դատարանը երկու տարի պայմանական ազատազրկման էր դատապարտել (Արամեհ և Համբիկ Խաբազյան եղբայրները դատապարտվել էին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի խմբ.): Չնայած մեղավոր եղբայրները խոստովանել էին, որ իրենք բարի վրա էին հարձակվել հոմոֆոբ շարժառիթներով, սակայն 2013թ. հոկտեմբերին նրանց նկատմամբ համաներում էր կիրառվել:

Կանանց իրավունքների մասով զեկույցում նշված է, որ նոյեմբերի 5-ին ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ դատական նիստից հետո` դատարանի դահլիճից դուրս գալուց սպառնալիքներ ու վիրավորանքներ են տեղացել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամների և կանանց իրավունքների այլ պաշտպանների նկատմամբ:

2013թ. «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը անանուն սպառնալիքներ է ստացել, այն բանից հետո, երբ իրենք կոչ էին արել ընդունել գենդերային հավասարության մասին օրենքը:

Տարվա վերջի դրությամբ տեղի ունեցած դեպքերի առիթով ոչ մի արդյունավետ հետաքննություն չի իրականացվել, նշված է զեկույցում: