Skip to content Skip to sidebar Skip to footer

Հրապարակում ենք իրավախախտումների տարեկան զեկույց

2019 թ. սկիզբ դրեց այնպիսի իրադարձությունների, որոնք հետագայում պետք է փոփոխություններ մտցնեին հասարակությունների փոխհարաբերություններում, աշխատանքի կազմակերպման ձևերում, ողջամիտ հիմք հանդիսանային մարդու այնպիսի էական իրավունքների սահմանափակման համար, ինչպիսիք են տեղաշարժման ու հավաքների ազատությունը։ Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսային վարակը 2020 թ. ընթացքում համակեց ամբողջ աշխարհը, տարբեր երկրներ օրենսդրական փոփոխությունների միջոցով նախատեսեցին կյանքի՝ նախկինում բնականոն համարվող ընթացքի սահմանափակումներ։

Ներբեռնել զեկույցը

Հավատարիմ մնալով ավանդույթին՝ Փինքը հրապարակում է իրավախախտումների մասին զեկույցը, որը պատրաստվել է 2020 թվականի ընթացքում փաստաթղթավորված դեպքերի վերլուծության վրա։

Զեկույցի բովանդակային հատվածում ներկայացված են 2020 թ. ընթացքում խտրականությամբ զուգորդված ՍԿԳԻ հիմքով իրավախախտումները։ Այն ներառում է նաև պետության ստանձնած պարտավորությունները այդ խախտումները կանխելու և տուժածներին պաշտպանելու ուղղությամբ, իրավապահ մարմինների արձագանքը և վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ։ Մասնավորապես՝ արձանագրվել են ԼԳԲՏ անձանց՝ խոշտանգումից, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ լինելու, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, կրթության, աշխատանքային և այլ իրավունքների խախտումներ։ Պետությունը, մի կողմից չի կարողացել ապահովել ԼԳԲՏ անձանց իրավունքների իրացման համար ոչ խտրական միջավայր, մյուս կողմից՝ ձախողել է իրավախախտումների դեպքում ԼԳԲՏ անձանց ոտնահարված իրավունքների վերականգնումը պատշաճ քննության միջոցով։ ԼԳԲՏ անձինք զերծ չեն մնացել իրավապահ մարմինների ծառայողների ծաղրական և նվաստացուցիչ վերաբերմունքից, ավելին՝ գրանցվել են իրավապահ մարմինների կողմից նույնասեռական անձանց հարաբերությունների և անձնական կյանքի մասին տեղեկատվության բացահայտման դեպքեր։

Զեկույցի մյուս մասը վերաբերում է ատելության խոսքին։ Այն ներառում է վերլուծություն ատելության խոսքի կարգավորման ուղղությամբ՝ պետության քաղաքականության, կատարված օրենսդրական փոփոխությունների, պետական իշխանության և հանրային այլ անձանց կողմից հնչեցված ատելության խոսքի վերաբերյալ։

Զեկույցն ամփոփվում է տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ եզրակացություններով և պետական կառույցներին, ԶԼՄ-ներին, միջազգային կառույցներին ներկայացվող առաջարկություններով։