Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2021 թ. ընթացքում

Ներբեռնել զեկույցը

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակում է «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2021 թ. ընթացքում» տարեկան զեկույցը, որտեղ ամփոփված են 2021 թ.-ի ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտումները, որոնք զուգորդված են եղել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ։ Փաստագրված դեպքերը, իհարկե, ամբողջությամբ չեն արտացոլում ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումները, քանի որ ոչ բոլոր դեպքերում են իրավախախտման զոհ դարձած անձինք դիմում իրավական պաշտպանության կամ իրավապաշտպաններին։ Խտրականությունից տուժող անձինք հաճախ վստահություն չեն ունենում, որ հնարավոր է ապացուցել իրենց հանդեպ տեղի ունեցածի իրական շարժառիթները, քանի որ մի կողմից ապացուցման գործընթացը օբյեկտիվորեն պարունակում է որոշակի բարդություններ, մյուս կողմից՝ փորձը ցույց է տալիս, որ դատարանները միշտ չէ, որ կիրառում են օրենքով տրված գործիքակազմը՝ դեպքերի ամբողջական, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար։ Այսպիսի պայմաններում պետական մարմինները առհասարակ որևէ ջանք չեն գործադրում՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումները որպես խտրականությամբ պայմանավորված դեպքեր վեր հանելու և փաստագրելու համար։

Զեկույցի երկրորդ մասը, մասնավորապես, ներկայացնում է ատելության խոսքը, դրա հասկացությունը և էությունը՝ որպես արտահայտման ազատության հնարավոր սահմանափակման հիմք։ Բաժնում ներկայացված է տարվա ընթացքում հանրային հարթակներից, օրինակ՝ սոցիալական ցանցերից և լրատվամիջոցներից վերցված ատելության խոսքի տարբեր աստիճանի դրսևորումներ։

Խտրականության դեմ համապարփակ օրենսդրության ընդունման գործընթացը դուրս մղվեց կառավարության օրակարգից և փաստացի որևէ առաջընթաց չունեցավ։ Միևնույն ժամանակ, Քրեական նոր օրենսգիրքը վերջապես ուղարկվեց Ազգային ժողովի քվեարկության՝ չնայած նրան, որ այն կրկին ամբողջական չէ՝ առկա խնդիրներն ու բացերը հասցեավորելու առումով և պարունակում է որոշ դրույթներ, որոնք օրենսգրքի առավել լայն և արդյունավետ կիրառման հնարավորություն են տալիս։

Զեկույցում ներկայացված է նաև 2021 թ.-ի ընթացքում տեղի ունեցած վերաբերելի օրենսդրական փոփոխությունները և պետական մարմինների քաղաքականության, թերացումների ու բացերի վերլուծությունը։

Զեկույցում տեղ գտած տեղեկատվության և կազմակերպության կողմից իրականացված վերլուծության հիման վրա մշակվել են առաջարկներ՝ ուղղված պետական մարմիններին, միջազգային կառույցներին, ԶԼՄ-ներին և Մարդու իրավունքների պաշտպանին։ Առաջարկները պարբերաբար ներկայացվում են տարբեր ուղղություններով տարվող ջատագովության շրջանակներում՝ ըստ հասցեատերերի և ըստ թեմատիկ առաջնահերթության։ Առաջարկների ընդհանուր փաթեթը ներկայացված է զեկույցի վերջում։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial