ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը Հայաստանում շարունակվում է համատարած բնույթ կրել, և պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը նվազեցնելու և իրավունքները պաշտպանելու համար: Դեռ հակառակը, իշխող կուսակցության անդամները, պետական պաշտոնյաները և իշխանությանը կից լրատվամիջոցները չեն դադարում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության կոչերով հանդես գալ, որը ամրապնդում է երկրում անպատժելիության մթնոլորտը:

ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումներին մեծապես նպաստում է խտրականությունն արգելող օրենսդրության և խտրականության համար պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի անկատարությունը, որը ԼԳԲՏ անձանց ավելի խոցելի է դարձնում:

Ավելին, խտրականությունն արգելող իրավական մեխանիզմների, ինչպես նաև ընդհանուր քաղաքականության բացակայությունը նպաստում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող հանցագործությունների ոչ պատշաճ որակմանը, քննությանը և մեղավոր անձանց պատասխանատվությանը, քանի որ անձի նկատմամբ հանցագործությունը նրա սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով չի պաշտպանվում ՀՀ օրենսդրությամբ:

ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքն արգելող օրենսդրության բացակայությունն էլ ավելի է ամրապնդել պետական մարմինների ներկայացուցիչների, հանրության հեղինակությունը վայելող անձանց, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից ատելություն քարոզող հայտարարություններով հանդես գալու հնարավորությունը` այն ներկայացնելով խոսքի ազատության համատեքստում:

Տարեկան զեկույց. 2014
Բեռնել զեկույցը

ՀՀ Սահմանադրության 14 հոդվածով պետությունը պարտավորված է հարգել և պաշտպանել մարդու արժանապատվությունը, իսկ 14-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

2014թ. ԼԳԲՏ անձանց դեմ ատելության կոչերը հատկապես ակտիվացան Եվրատեսիլ մրցույթում մորուքով ու կանացի զգեստով ներկայացող ավստրիացի երգիչ Կոնչիտա Վուրստի մասնակցության հետևանքով: Թե´ հասարակության, թե´ իշխանության և թե´ շոու բիզնեսի մակարդակով սկսեցին քարկոծել ավստրիացուն, ինչը հետագայում վերաճեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց դեմ արշավի և ԼԳԲՏ իրավապաշտպանների հետապնդման:

Սույն զեկույցն ամփոփում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի 2014թ. արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ իրականացված հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցի և այլ զեկույցների ուսումնասիրություններից ստացված տվյալները: 2014թ. իրավունքների ոտնահարման հարցով «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ է դիմել 44 մարդ, որոնց իրավունքի խախտումների դեպքերն այս կամ այն կերպով կապված են դիմողների սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հետ: Զեկույցում ցույց է տրվում, թե ԼԳԲՏ անձանց հետ փոխհարաբերություններում ինչ խախտումներ է կատարել պետությունը, իրավունքների ոտնահարման ինչպիսի բնույթի դեպքեր են արձանագրվել 3-րդ կողմի անձանց հետ փոխհարաբերություններում ու թե բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու պետության ձախողումը ինչ իրադրության է հանգեցրել:

Զեկույցում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերը ներկայացված են հետևյալ կառուցվածքով.

  1. Մարդու իրավունքների այն հիմնական դրույթները, որոնք խախտվել են արձանագրված դեպքերի պարագայում, իրավունքների սահմանումները, ինչպես նաև տվյալ իրավունքների սահմանադրական և օրենսդրական կարգավորումները:
  2. Կոնկրետ իրավունքների ոտնահարումներին առնչվող արձանագրված դեպքերի ընդհանուր նկարագրությունը: