լուսանկարը` LGBTnews.am-ի
լուսանկարը` LGBTnews.am-ի

Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ընթերցվեց «Իրավունք» թերթի դեմ 16 քաղաքացիների գործով բողոքի վճիռը:

Դատավորներ Ամրահի Պետրոսյանը (նախագահող), Նախշուն Տավարացյանը և Գայանե Կարախանյանը մերժեցին քաղաքացիների հայցը, ըստ որի, «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի հրապարակած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների ցուցակը» նյութը վիրավորել էր նրանց պատիվն ու արժանապատվությունը:

Դատարանի որոշմամբ, հայցվորները պետք է 50 հազարական դրամ վճարեն պատասխանող յուրաքանչյուր կողմերին` «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և Հովհաննես Գալաջյանին:

Վերը նշված հոդվածում հրապարակվել էր 60 հոգու անունից բաղկացած «սև ցուցակ» և հղում էր արվել նրանց Ֆեյսբուքի էջերի հիպերհղումներին` կոչ անելով այդ մարդկանց աշխատանքի չընդունել,նրանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել ու չշփվել նրանց հետ:

Բացի «թշնամի» որակելուց, հրապարակման մեջ Գալաջյանն այդ 60 անձանց նաև «զոմբի» էր կոչել:

Դատարանի որոշման համաձայն, հոդվածում չի գործածվել անձը վիրավորող արտահայտություններ և այն համապատասխանում է խոսքի ազատության սկզբունքներին: