Ծնվել է  25 հուլիս 1975թ.

Սովորել է Երևանի Պետական Համալսարանում, Հայաստանում Ամերիկյան Համալսարանում:

Մասնագիտությամբ` հոգեբան, քաղաքագետ

Ընտանեկան կարգավիճակը` Ամուսնացած

լուսանկարը Վարդինե Գրիգորյանի

-Մի փոքր պատմեք Ձեր գործունեության մասին, ինչպե՞ս որոշեցիք զբաղվել քաղաքացիական ակտիվությամբ, մարդու իրավուքների պաշտպանությամբ:

Ամեն բան սկսվեց 2004 թվականին, երբ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը բախումներ եղան Երևանում` ՀՀ իրավապահ ուժերի և ընդդիմադիրների միջև: Այս խնդրով մտահոգված երիտասարդներով հավաքվեցինք միասին և որոշեցինք, որ իրադրությունը այսպես չի կարող շարունակվել: Այդ պատճառով, համախմբելով մեր շուրջ նաև այլ մտահոգված երիտասարդների, մենք հենց հաջորդ օրը կազմակերպեցինք հանրահավաք: Դա էր այն հիմնական իրադրությունը, որից հետո սկսեցի զբաղվել նմանատիպ նախաձեռնություններով և քաղաքացիական ակտիվությամբ: Այդ ընթացքում սկսեցինք տարբեր ակցիաներ իրականացնել` ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը` հիմնվելով այնպիսի կարևոր մարդկային արժեքների վրա, ինչպիսիք էին ազատությունը, հավասարությունը, մարդու իրավուքները: Հետո գործունեության ոլորտն ավելի ընդլայնվեց, ինչը պայմանավորված էր որոշակի քաղաքական շրջանների հետ, ինչպիսիք էին, ընտրությունները, ընտրություններին նախորդող իրադրությունները, որի ընթացքում տարբեր խախտումներ էին արձանագրվում, երիտասարդներին ապօրինի բերման էին ենթարկում, և մենք պայքարում էինք այդ անարդարությունների դեմ` փորձելով մեր ձայնը լսելի դարձնել:

լուսանկարը Աննա Գրիգորյանի

-Արդեն ավելի քան 7 տարի աշխատում եք քաղաքացիական հասարակության կերտման և զարգացման ուղղությամբ, ի՞նչ հաջողությունների եք հասել, ի՞նչ փոփոխություններ են կատարվել այդ ոլորտներում:

Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, փոփոխությունները մեկ օրում չեն իրականանում: Եվ հիմնականում այդ փոփոխությունների հետևում կանգնած են լինում շահագրգիռ մի քանի անձինք: Ես, սակայն, չեմ հավակնում լինել այդ անձանցից մեկը, բայց միշտ պայքարում եմ այն ամենի համար, ինչն ինքս գտնում եմ ճիշտ և կարևոր հասարակության հետագա զարգացման համար:

Անձնական հաջողություններից կարող եմ նշել «Մատաղիսի գործը»: 2005-2006 թվականներին մենք մի քանի ընկերներով պայքարում էինք երեք զինծառայողների անարդարացի մեղադրման դեմ, որոնց բանակում մահացած երկու երիտասարդների սպանության մեղադրանքով դատապարտել էին ցմահ ազատազրկման:  Պայքարի արդյունքում այնպես ստացվեց, որ այդ երիտասարդներին հաջողվեց բանտից դուրս հանել, չնայած մեղադրանքը նրանց վրա դեռևս մնում է: Գործն այժմ անցնում է լրացուցիչ նախաքննություն, շարունակվում է դատավարությունը, սակայն դեռևս միևնույն մեղադրանքով: Այսինքն այս նախադեպը հաջողություն է այն առումով, որ հնարավորություն ունեցանք այդ երեք երիտասարդներին դուրս բերել ազատազրկման հաստատությունից, սակայն, մյուս կողմից էլ, դատավարությունը շարունակվում է միևնույն մեղադրանքով:

Այսօր ես «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ եմ, իսկ նախաձեռնությունը փորձում է հասարակության ձայնը բարձրացնել բանակում տիրող իրադրության վերաբերյալ, բարձրաձայնել առկա խնդիրները, փորձել դրանց լուծումներ տալ, որովհետև այն այսօր կրում է բավականին այլ պատկեր, քան ներկայացվում է:

Հաջողություն է նաև ինձ համար այն, որ ես, որպես անձ, այս տարիների ընթացքում շատ եմ փոխվել. այն չեմ այժմ, ինչ մի քանի տարի առաջ էի: Դա էլ կապված է հասարակական ակտիվության հետ, որովհետև երբ ինչ-որ հասարակական  գործողություն ես անում, պարտավոր ես լինել բաց, ազնիվ, որովհետև ոչ մի բան չես կարող թաքցնել, առաջինը` ինքդ քեզանից, ապա` հասարակությունից: Դա  կարծես ինքնամաքրման նման մի բան է, որովհետև հասարակությունը արդեն քեզանից որոշակի գործողություններ և վերաբերմունք է ակնկալում, և ելնելով այդ կարգավիճակից` պետք է կատարես այդ գործողությունները և արդարացնես հասարակական սպասելիքները:

Մի փոքր ավելի մանրամասն պատմեք «Բանակն իրականում» նախաձեռնության մասին, ի՞նչ էր այն, ինչպես պլանավորվեց, ի՞նչ նպատակներ ունի, ի՞նչ խնդիրների հետ է առնչվում:

«Բանակն իրականում» նախաձեռնությունը ստեղծվել է Հեղաֆորումի շրջանակներում: 2011թ. ապրիլին տարբեր ակտիվիստներով որոշեցինք մի ֆորում անել, որը հնարավորություն կտար բաց դաշտ ստեղծել խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծումներ գտնելու համար: Դա նշանակում էր, որ յուրաքանչյուր ոք պետք է բարձրաձայնի որևիցե խնդիր և փորձի դրան լուծումներ տալ: Բաց տարածության այդ դաշտում էլ ստեղծվեց «Բանակն իրականում» նախաձեռնությունը, որին միացան նաև բանակում մահացած զինծառայողների ծնողները, ովքեր տարիներով պայքարում են իրենց մահացած երեխաների սպանության գործերի բացահայտման ու արդար դատավարության անցկացման համար:  Նախաձեռնության հիմնական նպատակն է բացահայտել բանակում իրականացված սպանությունները, արդար դատավարություն իրականացնել, ինչը հնարավորություն կտա ապագայում կանխարգելել նման դեպքերի կրկնումը: Հիմա մենք փորձում ենք ծնողների հետ միասին պայքարել դատական գործերի արդար քննության և բացահայտման համար, փորձում ենք հնչեղություն տալ այդ խնդիրներին, ներգրավել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` նման խնդիրներն ավելի հանրային դարձնելու և հասարակության բոլոր անդամներին այդ գործընթացում ներգրավելու համար:

լուսանկարի հեղինակ Jamie Maddison Reporting

– Իսկ ի՞նչ դժվարությունների և խոչընդոտների եք հանդիպել Ձեր աշխատանքի ընթացքում:

Իրականում հասարակական գործունեության ծավալմանն այսօր շատ բան է խանգարում, բայց ավելի վտանգավոր է այն, ինչը քեզ թևաթափ է անում: Երբ մի կարևոր նախաձեռնությամբ ես հանդես գալիս, ցանկանում ես իրականանցնել հասարակական որոշակի փոփոխություններ, հանդիպում ես հասարակության կարծրացած վերաբերմունքին: Եվ սկսում ես գործունեություն իրականացնելու փոխարեն համոզել քեզ շրջապատող մարդկանց, բերել որոշակի ապացույցներ` համոզելու, որ քո նախաձեռնած փոփոխություններն իրականում նպաստավոր են մեր հասարակության համար, և ինչն, ի վերջո, նպաստելու է նաև նրանց բարեկեցությանը:

Այնուամենայնիվ, պետք է հավատաս քեզ, հավատաս քո արժեքներին և պլանավորած գործողությունների հաջողությանն ու կարևորությանը, փորձես շրջանցել այդ խնդիրները, ինչը դարձյալ շատ բարդ է, որովհետև ես էլ այդ հասարակության անդամ եմ, այդ հասարակության արդյունքն եմ, և շրջանցելը այդ խնդիրները, միշտ չէ, որ հնարավոր է լինում: