Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը վերացնելու և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ մինչև օրս իրականացրել են տարբեր միջոցառումներ․ կազմակերպել են կլոր-սեղան քննարկումներ, հանդիպումներ ոստիկանության, պատգամավորների, պետական այլ մարմինների ներկայացուցիչների հետ, միացել են Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի շաբաթին, տեղի է ունեցել «Ծիածան» ֆորումը և այլն:

Այսպիսի միջոցառումների իրականացումը կարևոր է ԼԳԲՏ անձանց նկատմամբ առկա խտրականության մասին բարձրաձայնելու, նրանց խնդիրների վրա միջազգային մարմինների և պետական կառույցների ուշադրությունը հրավիրելու համար:

Մենք որոշել ենք նշանավորել ԼԳԲՏ անձանց իրավահավասարության համար արդեն տասնամյակներով ձգվող պայքարը՝ հռչակելով ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը: Այն նշվում է այսօր՝ օգոստոսի 3-ին, և խորհրդանշում է խտրականության դեմ երկարատև պայքարը, որը մի օր անպայման պսակվելու է հաջողությամբ: Այդ պայքարը երբեմն հուսահատեցնող է և սպառիչ, սակայն մենք համոզված ենք, որ միայն այդ պայքարի արդյունքում կարող ենք ունենալ մի հասարակություն, որտեղ բոլոր մարդկանց իրավունքները հավասար պաշտպանված են և յուրաքանչյուր ոք ազատ է՝ անկախ իր սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից։

Կոչ ենք անում բոլոր ԼԳԲՏ անհատներին, նրանց ընկերներին, ծնողներին, համայնքի համախոհներին, ԼԳԲՏ սփյուռքին և ներպետական իրավապաշտպան կազմակերպություններին միանալ այս պայքարին և չնահանջել առաջացող խոչընդոտներից:

Տեսանյութում կազմակերպության աշխատակիցները ներկայացնում են ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը և պատմում օրվա խորհրդի մասին, իսկ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները և նրանց ընկերները ներկայացնում են, թե ինչ արդյունք է տվել իրավախախտումների դեմ իրենց պայքարը: