Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վերաբերյալ այլընտրանքային զեկույց ներկայացվեց ԵԽ

2010թ մարտի 31-ին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը, միաձայն ընդունել են սեռական կողմոնորշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ պայքարի CM/Rec (2010)5 հանձնարարականը։ Սույն հանձնարարականի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել ձեռնարկելու կոնկրետ քայլեր՝ բարելավելու ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրադրությունը Հայաստանում, ինչպես նաև պայքարելու ԼԳԲՏ անձանց հանդեպ սեռական կողմոնորշման և գենդերային ինքնության հիմքով ցանկացած տեսակի խտրականության, ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների դեմ։ Հանձնարարականի ստորագրմամբ Հայաստանը ճանաչում և ընդունում է, որ պետական պաշտոնյաները պետք է ոչ խտրական վերաբերմունք ունենան ԼԳԲՏ անձանց նկատմամբ, ինչպես նաև իրականացնեն կառուցողական գործություններ՝ պաշտպանելու ԼԳԲՏ անձանց մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները։

Հանձնարարականում անդամ երկրներին տրված ընդհանուր առաջարկություններից են՝

  1. Իրականացնել օրենսդրական փոփոխություններ և այլ միջոցառումներ՝ հավաքագրելու և վերլուծելու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը ԼԳԲՏ անձանց նկատմամբ։
  2. Ընդունել և իրականացնել համապատասխան օրենսդրություն, որը կերաշխավորի ԼԳԲՏ անձանց՝ խտրականությունից զերծ մնալու իրավունքը։
  3. Ապահովել, որ խտրականության զոհերն ունենան համապատասխան արդյունավետ մեխանիզմներ, ընդ որում նաև դատական մեխանիզմներ, պայքարելու խտրականության դեմ։

Փինք Արմենիան 2018թ․ հունիսին CM/Rec (2010)5 հանձնարարականի դրույթների իրականացման վերաբերյալ այլընտրանքային զեկույց է ներկայացրել Եվրոպայի խորհրդին։ Այլընտրանքային զեկույցում մասնավորապես անդրադարձ է կատարել այն հանգամանքին, որ ՀՀ-ն դեռևս կոնկրետ գործողություններ չի ձեռնարկել հանձնարականի դրույթների եւ առաջարկների իրականացման համար։ Փինք Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ CM/Rec (2010)5 առաջարկության հայերեն թարգմանությունն առկա չէ ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պաշտոնապես թարգմանված ակտերի ցանկում։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ Կառավարությունը չի ձեռնարկել նվազագույն միջոցներ՝ հանձնարարականի տարածումն ապահովելու նպատակով, ինչը դրա ընդհանուր պահանջներից մեկն է։

Հայաստանի Հանրապետությունը դեռևս չունի խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն։ Ավելին, 2018թ. Շրջանառության մեջ դրված «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մեղմ ասած, չի նախատեսում ԼԳԲՏ անձանց՝ սեռական կողմոնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունից զերծ մնալու իրավունքի իրացման և պաշտպանության  համապատասխան և արդյունավետ մեխանիզմներ, չի արտացոլում քննարկվող հանձնարարականի պահանջները։ Ավելին, վերոնշյալ օրենքի նախագիծը նաեւ չունի կարգավորումներ մասնավոր հատվածում խտրականության դեպքերի առնչությամբ։ ՀՀ կառավարությունը չունի նաևւ խտրականության դեմ պայքարելու քաղաքականություն։ Արդյունքում, ՀՀ-ը ոչ միայն չի ապահովում ԼԳԲՏ անձանց խտրականությունից զերծ մնալու իրավունքը, այլև շատ հաճախ պետությունն է խտրականություն դրսևորողը, հրահրողն ու խրախուսողը։

ՀՀ օրեսնդրությունը չի տալիս համապատասխան կարգավորումներ ատելության հիմքով հանցագործությունների կանխման, քննության, հավաքագրման, և դրանց դեմ պայքարի առնչությամբ։ Հայաստանի Հանրապետությունում ատելության հիմքով հանցագործությունների թիրախում հենց ԼԳԲՏ անձինք են։ Համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ատելության հիմքով հանցագործությունների տարեկան զեկույցի՝ 2016թ․ Հայաստանում կատարված ատելության հիմքով բոլոր հանցագործությունները  կապված են սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հետ։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնախմբի նույն թվականի Հայաստանի մասին զեկույցում բարձրացված խնդիրները ևս առավելապես կապված են եղել սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործություններին, ատելության խոսքին և խտրականությանը։

Այլընտրանքային զեկույցում Փինք Արմենիան նաև անդրադարձ է կատարել Հայաստանում ամուսնության հավասարության իրավունքի սահմանադրական սահմանափակումներին, ինչպես նաև սեռափոխության և գենդերի շտկման հնարավորությունների բացակայությանը և դրանցից բխող խնդիրներին։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial