Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի, «Հետք»
Լուսանկարը` Նարեկ Ալեքսանյանի, «Հետք»

ՀՀ մի խումբ ակտիվ քաղաքացիներ հոկտեմբերի 21-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի մասնակիցներին անգլերեն թռուցիկներ են բաժանել, որոնցում իրենց մտահոգություն են արտահայտել Հայաստանում «ազգայնականության, ռասիզմի և անհանդուրժողության վերելքի կապակցությամբ»: Կոչի հայերեն թարգմանությունը` ՍիվիլՆեթի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրության անունից ցանկանում ենք Ձեզ ներկայացնել մեր մտահոգությունները՝ կապված ՀՀ իշխող՝ Հանրապետական կուսակցության և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ և հովանավորությամբ ազգայնականության, ռասիզմի և անհանդուրժողության վերելքի հետ:

Մինչ ՀՀ կառավարությունը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը մինչև 2013թ. նոյեմբեր ամիսը և կազմակերպիչն է «Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի» բարձրաստիճան համաժողովի, այն նաև իր իսկ երկրում ռասիստական գաղափարախոսության, ատելության և այլատյացության տարածման հովանավորն է: Այս նույն կառավարությունը, որ հրապարակայնորեն խոսում է եվրոպական արժեքներից, իրականում սատարում է այնպիսի գործողությունների, որոնք կոպտորեն խախտում են քաղաքացիների իրավունքները և ազատությունները:

Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը հստակորեն շարադրված է իր պաշտոնական կայքում զետեղված հրապարակումներում և ելույթներում, որոնցում այն մասնավորապես քարոզում է արիական գաղափարախոսություն և հայ ազգի առավելությունն այլ ազգերի նկատմամբ:

«Հայ ընտանիքը» գաղափարախոսական հրապարակման մեջ Հանրապետական կուսակցությունը շեշտում է հայ ազգի «զտարյունությունը» պահպանելու անհրաժեշտությունը և արգելում է խառնամուսնությունները, հատկապես՝ «նեգրերի» հետ:

Նույն հրապարակման մեջ նշվում է, որ «հայ իգական սեռը նախ մայր է, կին, ապա նոր միայն՝ գիտնական, բժիշկ, հասարակական կամ քաղաքական գործիչ և այլն»: «Հայ ընտանիքը» հրապարակումը նաև ընդգծում է, որ կանանց իրավունքների և հավասարության համար մղվող շարժումը Հայաստանում պարտադրված է դրսի ուժերի կողմից, որոնց նպատակն է քանդել հայ ազգը ներսից. այն «ազգակործան ՍՊԻԴԻ վիրուսի տեսակ է»:

Հանրապետական կուսակցությունը նաև ընդունում է Հայ առաքելական եկեղեցին որպես միակ «հայկական» եկեղեցին, որին պետք է հետևեն և դավանեն բոլոր հայերը՝ այսպիսով բացառելով որևէ այլ կրոնի ու դավանանքի հնարավորությունը Հայաստանում, իսկ ովքեր չեն դավանում առաքելական եկեղեցուն, վերահսկվող լրատվամիջոցների և կազմակերպված խմբերի կողմից պիտակավորվում են որպես ազգային արժեքները կործանող «աղանդներ», ում նկատմամբ տածվում է ատելությամբ լի վերաբերմունք:

Այս կուսակցության ռասիստական և այլատյաց գործողությունների օրինակներ են հետևյալ դեպքերը.

  1. 2013թ. հոկտեմբերին ԵԽԽՎ նիստում Սերժ Սարգսյանին Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի արած հարցադրումից հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար, ՀՀԿ անդամ Խաչիկ Ասրյանը հրապարակայնորեն կոչ արեց «այրել Զարուհուն խարույկի վրա»: Խաչիկ Ասրյանը ղեկավարում է նաև «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը, որը տարածում է իշխող կուսակցության գաղափարախոսությունը և երիտասարդ անդամներ ներգրավում Հայաստանի տարբեր շրջաններից: Կազմակերպության գործունեության վերջին օրինակներից է շուրջ 300 ուսուցողական ատրճանակի բաժանումը դպրոցներում՝ որպես ռազմահայրենասիրական դասընթացների բաղադրիչ:
  2. 2013թ. օգոստոսին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հրապարակայնորեն կոչ արեց փակել կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունները և ետ կանչել տղամարդկանց և կանանց հավասարության մասին օրինագիծը, քանի որ այն քայքայում է հայ ընտանիքը և քարոզում նույնասեռականություն: Նրա հայտարարությունից հետո կանանց հարցերով զբաղվող մի շարք ՀԿ-ների և ակտիվիստների հասցեին սկսեցին հնչել սպառնալիքներ, իսկ սոցիալական մեդիաներով տարածվեցին ատելության ելույթներ:
  3. 2012թ. մայիսին Երևանում հրկիզվեց նույնասեռականների նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ցուցաբերող բար, քանի որ դրա տերը նույնասեռական էր: Հրկիզումը կատարել էին երկու երիտասարդներ, ովքեր բարի պատերին թողել էին սպառնալիքի ու ատելության խոսքեր և նեոնացիստական պատկերներ: Ազգային ժողովի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, դեպքից հետո հայտարարել էր, որ «տղաները կատարել են հայրենասիրական արարք, որի նպատակն է պահպանել ազգային բնութագիրը, ուստի այն չի կարող դիտարկվել որպես հանցագործություն»: Հանցանք կատարած անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել և պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ բարի տերը ստիպված է եղել ապաստան խնդրել Շվեդիայից, քանի որ իր նկատմամբ սպառնալիքները և հոմոֆոբ հետապնդումները չէին դադարում:

Վերը նշված դեպքերից ոչ մեկը պատշաճ քննության չի ենթարկվել իրավապահ համակարգի կողմից, և ոչ ոք չի կանգնել արդարադատության առջև:

Մենք հորդորում ենք այս հարցերը քննարկել ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի ձեր քննարկումներում և պատասխանատվության կանչել Հանրապետական կուսակցությանն ու իր ղեկավարներին: Մեզ համար խիստ մտահոգիչ է Հայաստանում ռասիզմի և այլատյացության տարածումն ու անպատժելիությունը, որի հետևանքով Հայաստանի քաղաքացիները մնում են անպաշտպան: Մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական արժեքները լուրջ սպառնալիքի տակ են Հայաստանում, ինչը վտանգում է նաև ողջ տարածաշրջանի անվտանգությունը»:

Քաղաքացիները կարողացել էին մուտք գործել «Մարիոթ Արմենիա», որտեղ անցկացվում էր համաժողովը: Նրանք իրենց պաստառներով կանգնել էին դահլիճում և համաժողովի մասնակիցներին բաժանել իրենց կոչը: Կոչի անգլերեն տարբերակը ներկայացված է ստորև:

Կարդացեք նաև`
ArmeniaNow
Hetq Online
Epress.am
CivilNet