photojoiner
Իվան Նիկիտչուկ` վերևից, Նիկոլայ Արեֆև` ներքևից

Ռուսաստանի խորհրդարանի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հարցերով հանձնաժողովը մերժել է նույնասեռականների դեմ օրինագիծը, ըստ որի պետք է պատժվեին այն անձինք, որոնք հրապարակայնորեն կբարձրաձայնեին (քամինգ աութ կանեին) իրենց նույնասեռ կողմնորոշման մասին, հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը:

Այդ մասին Թվիթերում գրել է հանձնաժողովի անդամ Դմիտրի Գուդկովը. «Հանձնաժողովը չաջակցեց օրինագծի ընդունմանը, բայց քննարկումներն ուրախ անցան: Տեսանյութը շուտով կտեղադրեմ»,- գրել է նա:

Օրինագիծը հոկտեմբերին Պետդումա էին ներկայացրել կոմունիստական կուսակցության պատգամավորներ Իվան Նիկիտչուկը և Նիկոլայ Արեֆևը: Նրանք առաջարկում էին վարչական տույժ` 4-5 հազար ռուբլի (25.000-30.000 դրամ) տուգանք սահմանել հանրային վայրերում նույնասեռական լինելու մասին բարձրաձայնողների դեմ: Իսկ եթե նշված գործողությունը կատարվում է կրթական կամ մշակութային վայրերում, ապա` վարչական կալանք` 15 օր ժամկետով:

Հանձնաժողվն օրինագիծը ավելորդ է համարել` հաշվի առնելով, որ 2013թ.-ից Ռուսաստանում գործում է անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզն արգելող օրենքը:

Ի դեպ, Նիկիտչուկը վստահեցնում էր, որ պատիժը սահմանվելու է միայն տղամարդկանց համար: «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին հետ զրույցում պատգամավորն ասել էր. «Մենք կարծում ենք, որ կանայք ավելի խելամիտ ժողովուրդ են ու ավելի շատ են առաջնորդվում զգացումներով: Դեռևս կանանց չենք կպնում»:  

 

Կոլաժի լուսանկարները` Կոմերսանտից (աջինն ու ձախից վերևինը) և Ռիա Նովոստիից (ձախից ներքևինը)