Խորհրդային մի ամբողջ դարաշրջան է անցել: Դարաշրջան, երբ գովերգվում էր միանմանությունը, ուր բավականին համասեռ, միատարր մշակույթ էր կերտվում բոլոր եղբայրական հանրապետությունների համար: Նույն ձևով էր կերտվում նաև քաղաքականությունը, ինչը բնականաբար ազդում էր հասարակական ոլորտի վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո` պայթյուն. պետությունն ընտրեց դեպի ժողովրդավարություն, ազատություն, հավասարություն տանող ճանապարհը (որոշները դեռևս Գորբաչովն էր հասցրել ներմուծել): Անհատականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, անձնական կյանք ունենալու իրավունքի պաշտպանությանը, խոսքի ազատությանը և ազատ ինքնաարտահայտմանը մեծ նշանակություն տրվեց մեր երկրում` որպես նոր արժեքներ: Իհարկե, ինչպես ասում են` Հռոմը մի օրում չի կառուցվել, նմանապես Հայաստանում դեռևս չի կառուցվել ու հաստատվել ժողովրդավարությունն ու օրենքի գերիշխումը, և անելու դեռևս շատ բան կա: Ցավոք, դրական տեղաշարժերն ու փոփոխությունները միանգամից տեղի չեն ունենում. դա մի երկար ճանապարհ է, որը պետք է կառուցել ու անցնել: Այս պարագայում քաղաքացիական հասարակությունն ինքը պետք է ջանք ու ներուժ ներդնի երկիրն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:

Նպատակ ունենալով հասնելու բազմազանության, փոխհարգանքի և մշակութային զգայունության` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Բազմազանություն» ծրագիրը՝ առաջադրելով հանդուրժողականության, հարգանքի և բանականության գաղափարները: Մեր օրերում, ցավոք, գրանցվում է նեոնացիստական և ծայրահեղ ազգայնամոլական շարժումների աճ: Առավել ցավալի է, որ հաճախ ազգայնամոլությունը հենց դա քարոզողների կողմից ընկալվում և ներկայացվում  է որպես ազգայնականություն, ավելին` որպես հայրենասիրություն: Գենդերի հիման մարդու իրավունքների ոտնահարումները, օտարավախությունը[1], նույնասեռավախությունը[2], նեոնացիզմը, տգիտությունն ու անգրագիտությունը միայն կծաղկեն, եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն: Մարգինալացված և խտրականության ենթարկված խմբերը կենթարկվեն պատվազրկման ու կմնան խարանված այնպես, ինչպես որ այսօր է, եթե այս խնդիրներին չանրադառնալ, լռել դրանց մասին կամ պարզապես անտեսել դրանց գոյությունը:

Այս ծրագրի շրջանակներում խիստ կարևոր է պայքարել կարծրատիպերի, անհանդուրժողականության, օտարավախության, նույնասեռավախության, գենդերային հիմքով խտրականության դեմ, այդ թվում` ԼԳԲՏ[3] նկատմամբ խտրականության դեմ, ինչպես նաև ընդհանուր առմամբ ցանկացած տեսակի խտրականության դեմ` հիմնված տարիքի, սեռի, գենդերի, սեռական կողմնորոշման վրա: Ավելին, խիստ կարևոր անելիքների ցանկում են` գիտելիքի տարածում վերոնշյալ խնդիրների առնչությամբ, աջակցություն երիտասարդների ինքնազարգացմանը և հնարավորությունների ու իրավունքների ընդլայմանը` որպես գիտակից քաղաքացիներ, մարդու իրավունքները պաշտպանող ակտիվիզմի խրախուսում, այլ ՀԿ-ների հետ համագործակցություն, լայն խավերի և մարգինալացված ու խտրականության ենթարկված խնբերի ներառում վերոնշյալ գործընթացների և միջոցառումների մեջ: Մենք շատ ենք կարևորում ողջ Հայաստանից երիտասարդների ներգրավումը:

Այս ծրագրի շրջանակներում իրագործվող գործողություններից և միջոցառումներից են լինելու` սեմինարների, կլոր սեղանների, ֆլեշ մոբերի, ցուցահանդեսների և այլ տարատեսակ մշակութային, հասարակական և հանրային միջոցառումների կազմակերպում, հոդվածների կազմում, էլեկտորնային ամսագրի ստեղծում, ժամանակակից նյութերով հարուստ գրադարանի և էլեկտրոնային գրադարանի ստեղծում, վերոնշյալ թեմաներին, մարտահրավերներին և գործողության շրջանակին վերաբերող արդիական ու հետաքրքիր նյութերի ստեղծում, թարգմանում ու տարածում:

«Բազմազանություն» ծրագրի ընթցքում իր աջակցություն է ցուցաբերելու «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կամակերպությունը:

Այս ծրագրի շրջանակներում գործողություններն ու միջոցառումները պետք է տանեն դեպի մարդու իրավունքների առաջքաշմանն ու ավելի համընդգրկուն ընկալմանը և՛ որպես տեսություն, և՛ որպես գործնական երևույթ` կիրառելի առօրյա կյանքում, իրականության մեջ տարբեր իրադրություններում, ինչպես նաև չարաշահումների, խախտումների և դրանք զեկուցելու և այլ նպատակների համար:

Կկազմակերպվեն դասընթացներ, սեմինարներ և այլ տիպի հանդիպումներ ու միջոցառումներ խոստումնալից երիտասարդների համար, ովքեր ցանկանում են դառնալ մարդու իրավունքների պաշտպաններ, ակտիվիստներ և հավասարը հավասարին մեթոդով կրթողներ: Մեր կազմակերպության կողմից կտրամադրվի նաև աջակցություն այլ հասարակական կազմակերպություններին, որոնք կկազմակերպեն նմանատիպ գործողություններ և միջոցառումներ: Նման միջոցառումների միջոցով է, որ կկազմվի ակտիվ կամավորների, ակտիվիստների, և հավասարը հավասարին մեթոդով կրթողների ընտրյալ մի խումբ Հայաստանի տարածաշրջաններում, որոնց համար մենք կկազմակերպենք տարեկան դասընթացներ, քննարկումներ, այլ բնույթի հանդիպումներ ու միջոցառումներ մարդու իրավունքների, հանդուրժողականության, բազմազանության և ծրագրին առնչվող այլ թեմաների վերաբերյալ:

Մեկ այլ ոլորտ, որն ընդգրկված է այս ծրագրի շրջանակներում և որտեղ կփորձենք ամրապնդել համագործակցությունը, դա ԶԼՄ-ների հետ աշխատանքն է: Հայաստանում ԶԼՄ-ները փորձում են հետևել պետության օրինակին` ջանալով ստեղծել համահասանելի համակարգ, որը տեղեկացնում ու ծառայում է հասարակության բոլոր անդամներին, նաև խթանում է ժողովրդավարական արժեքներ: Դանդաղորեն գենդերային հավասարության, գենդերային հիմքով բռնությունների, ԼԳԲՏ խնդիրների, հանդուրժողականության, մարդու իրավունքների ու նմանատիպ թեմաների վերաբերյալ նյութեր են լուսաբանվում: Փոփոխությունները տեսանելի են: Այնուամենայնիվ, այդ ոլորտում ևս, անելու շատ բան կա դեռևս: Այսպիսով, ՓԻՆՔ-ը կհամագործակցի ԶԼՄ-ների հետ, որպեսզի առաջադրի և լուսաբանի մարդու իրավունքների, գենդերի, ԼԳԲՏ վերաբերյալ թեմաներ և մարտահրավերներ, որ առկա են տվյալ ոլորտներում, ինչպես նաև դրանք հաղթահարելու միջոցներ:

Որպես ԶԼՄ-ների հետ հնարավոր համագործակցության հնարավորություն, գիտելիքի և տեղեկատվության պակասի արդյունքում առաջացող բարդությունները հաղթահարելու միջոց, մենք այլ ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցչիների հետ միասին ծրագրում ենք ստեղծել էլեկտրոնային ամսագիր, որը կհրատարակվի երեք ամիսը մեկ: Ամսագիրը կներառի մեր և գործընկեր կազմակերպությունների կողմից կազմակերպված և իրականացված  ծրագրերի, միջոցառումների մասին հոդվածներ: Այն կներառի նաև տեղական և միջազգային նորություններ, որոնք առնչություն կունենան մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության, գենդերի, ԼԳԲՏ թեմաների, սեռական առողջության, մշակույթի և այլ հարցերի վերաբերյալ հետ:

Այս ծրագրի շրջանակներում կլինեն նաև կլոր սեղան-քննարկումներ` Հայաստանում մարգինալացված և խոցելի խմբերի համար կարևոր թեմաների և խնդիրների վերաբերյալ: Քննարկումների ընթացքում շեշտը դրվելու է Հայաստանում առկա գենդերային և ԼԳԲՏ հիմնախնդիրների վրա: Նման միջոցառումները լավ աղբյուր են  և´ հավաքելու, և´ կիսելու համար համապատասխան, արդի տեղեկատվություն և գիտելիքներ այն խնդիրների մասին, որոնց այս խմբերը բախվում են այսօր, նաև գտնել կառուցողական լուծումներ առկա իրավիճակը փոփոխելու համար, ներգրավել նրանց այդ խնդիրների լուծման գործընթացի մեջ և աջակցել նրանց համախմբմանը:

Որպես ամփոփում, ցանկանում ենք նշել, որ այս ծրագիրը նպատակ է հետապնդում առաջ բերել դրական փոփոխություններ, սնել և տարածել հավասարության, քաղաքացիական հասարակության գաղափարները, ինչպես նաև պայքարել բացասական տաբուների, կարծրատիպերի դեմ և հասարակության խտրական մոտեցումների չեզոքացման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացվում է Նորվեգիայի Արտաքին Գործերի Նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Մենք խրախուսում ենք ցանկացած տեսակի աջակցություն, որ կցանկանաք առաջարկել մեզ:

______________

[1] Քսենոֆոբիա. Քսենոֆոբիան օտար մշակույթների նկատմամբ վախն ու հակակրանքն է:

[2] Հոմոֆոբիա. Հոմոֆոբիա հասկացությունը բնութագրում է որպես բացասական և խտրականական վերաբերմունք լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, քվիր խմբերի նկատմամաբ, ինչպես նաև հաճախ տրանսգենդեր և ինտերսեքսուալ մարդկանց նկատմամբ:

[3] ԼԳԲՏ – Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր: Մենք հաշվի ենք առնում և ընդունում նաև քվիր, ինտերսեքսուալ, և ոչ հստակ գենդերային ինքնությամբ անհատներին: