Skip to content Skip to sidebar Skip to footer

Բազմազանության երթից տասը տարի անց

Երթը խափանվեց․․․ Տասը տարի առաջ Մայիսի 21-ին կազմակերպվել էր Բազմազանության երթ՝ նվիրված Մշակութային բազմազանության համաշխարհային օրվան` ցույց տալու և արժևորելու մշակութային, ազգային, մարդկային և բուսական բազմազանության առկայությունը Հայաստանում: Երթին եկել էին մասնակցելու արվեստագետներ, գրողներ, ակտիվիստներ, տարբեր հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ապրող փախստականներ և տարբեր սոցիալական խմբերի մարդիկ:

Ծայրահեղական խմբերի կողմից երթը որակվեց որպես «գեյ շքերթ», և ապատեղեկատվությունը լայնորեն տարածվեց լրատվական կայքերում։ Կասկադում, որտեղից պետք է սկսվեր երթը, ծայրահեղականների մեծ խումբ էր հավաքվել՝ մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով: Ագրեսիվ ամբոխի նախապես կազմակերպված լինելու մասին վկայում էին իրենց մոտ առկա միանման պաստառները։ Հակաերթի մասնակիցները հանդես էին գալիս նաև ֆիզիկական բռնության կոչերով և գործողություններով, ինչպես նաև ֆաշիստական լոզունգներով։ Ոստիկանները փորձում էին մասնակիցներին ետ պահել ֆիզիկական բռնության ենթարկվելուց։ Իրավիճակը դարձավ կրիտիկական, և մասնակիցներն ստիպված եղան ընթանալ մինչև Նկարիչների միություն, որտեղ պետք է տեղի ունենար «(ան)նման» ցուցահանդեսը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով այն չեղյալ համարվեց: Ի վերջո, մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկան շենքի ետնամասից՝ բախումներից խուսափելու նպատակով:

Չնայած այն փաստին, որ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը դիմում ներկայացրեց դատախազությանը՝ համապատասխան հետաքննություն իրականացնելու և կազմակերպիչներին բացահայտելու նպատակով, այնուամենայնիվ, դատախազության կողմից ոչ մի քայլ չձեռնարկվեց։

Բազմազանության երթի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից տասը տարի անց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները անպատիժ են մնում։ Իրավապահ մարմինները չեն կարողանում ապահովել ԼԳԲՏ անձանց և համախոհների նկատմամբ կատարված հանցագործությունների ամբողջական քննությունը, իսկ զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվությունն ու ատելության քարոզը, ինչպես նաև քաղաքական շահարկումները շարունակում են նպաստել ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի սրացմանը:

Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի և Hetq.am-ի

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial