2019թ-ի մայիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կոմունիկացվել է 2012թ-ին «ԴԻ-Այ-Ուայ» ակումբի հրկիզման և դրան հաջորդող սպառնալիքների ու հետապնդումների դեպքերը Հայաստանում պատշաճ իրավական քննություն չստանալու վերաբերյալ դիմումը։

ՀՀ Կառավարությունը ՄԻԵԴ պահանջով պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝

  1. Արդյո՞ք 2012թ-ի մայիսի 8-ի հարձակումը և դրան հաջորդող իրադարձությունները, ներառյալ՝ ենթադրյալ սպառնալիքները, նվաստացումներն ու հետապնդումները հանգեցրել են Դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հանդեպ միջամտության՝ Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների խախտմամբ։
  2. Հաշվի առնելով Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածներից բխող պոզիտիվ պարտավորությունները՝ արդյո՞ք 2012թ-ի մայիսի 8-ի հարձակումը և Դիմումատուի կողմից ներկայացված հետագա վատ վերաբերմունքի և հետապնդումների վերաբերյալ բողոքների քննությունը եղել է նշյալ դրույթների նպատասկներին համապատասխան, ներառյալ՝ իրավախախտների արարքում խտրական շարժառիթի բացահայտման ուղղությամբ։
  3. Արդյո՞ք Դիմումատուն տնօրինել է Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների ներքո բողոքարկման արդյունավետ միջոցների՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջների համաձայն։
  4. Արդյո՞ք Դիմումատուն Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածներին համընթաց ենթարկվել է խտրականության իր սեռական կողմնորոշման հիմքով՝ ի հակադրություն Կոնվենցիայի 14-րդ հոդվածի։

Ակումբի ղեկավար Արմինե Օգանեզովայի մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ընդհանուր հարցերին զուգահեռ հատկանշական է Եվրոպական դատարանի կողմից առաջադրված արարքի շարժառիթների պատշաճ քննության վերաբերյալ հարցը։ Կառավարության՝ այս հարցի շուրջ դիրքորոշումը հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ տարիներ շարունակ արձանագրելով սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով հանցագործությունների տասնյակ դեպքեր, ականատեսն ենք ՀՀ իրավապահ համակարգի կողմից նման վտանգավոր շարժառիթի հանդեպ ամբողջական անտարբերության։

Հիշեցնենք, որ «ԴԻ-Այ-Ուայ» ակումբի հրկիզման մեջ մեղավոր ճանաչված երիտասարդները նախ կալանքից ազատվեցին «Հայ հեղափոխկան դաշնակցություն» կուսակցության պատգամավորների անձնական երաշխավորությամբ, այնուհետև դատապարտվեցին իրենց արարքի համար անհամաչափ մեղմ՝ երկու տարվա ազատազրման, ինչը փոխարինվեց պատժի պայմանական չկիրառմամբ։