Skip to content Skip to sidebar Skip to footer

Լռության օր ընդդեմ խտրականության և բռնության

«Լռության օրը» միջազգային երիտասարդական բողոքի ակցիա է ընդդեմ խտրականության և բռնության, որոնց բախվում են լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձինք ուսումնական հաստատություններում։ Այս տարի լռության օրը անցկացվում է ապրիլի 22-ին։ Օրվա նպատակն է ուսումնական հաստատությունները դարձնել ավելի ապահով, վերացնել ու կանխել արժանապատվությունը նսեմացնող երևույթները` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, էթնիկ պատկանելությունից, կրոնից և այլն։

Ժամանակակից հասարակության օրենքներն ու վերաբերմունքը պետք է ներառական լինեն բոլորի համար՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից։ Որպես ոչ բռնի բողոք երիտասարդները ամբողջ աշխարհում լռում են՝ ԼԳԲՏ համայնքին և նրանց համախոհներին սատարելու համար: Հետաքրքիր է, որ շարժման համար լռելու ընտրությունը կանխում է քաղաքական բողոքներին բնորոշ բղավոցը և ստեղծում է բողոքը ներկայացնելու համար ավելի հանգիստ միջավայր: Ոչ բռնի ցույցերը միշտ ողջունելի և նախընտրելի են եղել ամբողջ աշխարհում: Լռության օրը մասնակիցներին տալիս է խաղաղ բողոքի և սոցիալական ներգրավվածության հնարավորություն։

Ամեն տարի լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր երիտասարդները և նրանց համախոհները մասնակցում են լռության օրվան՝ փորձելով իրենց ուսումնական հաստատություններում բարձրացնել հակա-ԼԳԲՏ ոտնձգությունների և կողմնակալության վերաբերյալ իրազեկվածությունը: Որպես երիտասարդական շարժում տոնը կենտրոնացած է համայնքի առջև ծառացած անարդարությունների դեմ պայքարելու վրա: Մասնակիցները փորձում են առօրյա կյանքից զերծ պահել այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են ատելությունն ու ճնշումը։

Ցավոք, Հայաստանում ուսումնական հաստատությունները ԼԳԲՏ անձանց համար ապահով տարածք չեն հանդիսանում: Ուսանողները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով խտրականության են ենթարկվում ինչպես համակուրսեցիների, այնպես էլ դասախոսների կողմից, ինչը պատճառ է դառնում հոգեբանական շատ խնդիրների, հանգեցնում է մեկուսացման և ցածր ինքնագնահատականի, խոչընդոտում է նրանց կրթության իրավունքի իրացմանը:

Որոշ ԼԳԲՏ անձինք, որոնք իրենց ուսումնական հաստատություններում խտրականության են ենթարկվում, և որոնց ծնողներն իրենց ֆինանսապես չեն ապահովում, այլևս չեն ցանկանում շարունակել իրենց կրթությունը․ ոմանք սկսում են համատեղել ուսումն ու աշխատանքը, ոմանք սեքս աշխատանքով են զբաղվում, իսկ որոշները լքում են երկիրը՝ փնտրելով ավելի լավ ապագա։

Այս իրավիճակին հակազդելու համար Փինք իրավապաշտպան ՀԿ-ն նախատեսում է տրամադրել կրթաթոշակներ մինչև քսան տարեկան երտասարդների՝ բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար։ Կրթաթոշակի տրամադրման նպատակն է հզորացնել ԼԳԲՏ շարժումը, նպաստել Հայաստանում ԼԳԲՏ անձանց կարողությունների զարգացմանը, ստեղծել աշխատանքի հավասար հնարավորություններ և ապահովել ԼԳԲՏ անձանց լավ վարձատրվող աշխատանքով։