Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության գործում, մինչդեռ այդ մարդկանց նկատմամբ խտրականությունն ու թշնամական վերաբերմունքը շարունակում է մեծ խնդիր մնալ Հայաստանում, ասված է ԵՄ Արևելյան գործընկերության Հայաստանի մասով 2014թ. զեկույցում:

Մարտի 25-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ Հայաստանը դեռևս չունի խտրականության դեմ համապարփակ իրավական դաշտ և հիշեցվում է, որ Մարդու իրավունքների գործողությունների ծրագրով միայն առաջարկվում է գնահատել, թե որքանով են Հայաստանի տվյալ օրենքները համապատասխանում միջազգային օրենքներին, և թե ինչ օգուտներ կտա հակախտրական օրենքի ընդունումը:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների ծրագիրն ընդունվել է 2014թ. փետրվարին: Զեկույցում ասվում է, որ թեև խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն դեռևս չկա, սակայն որոշ օրենսդրական միջոցառումներ ձեռնարկվել են: