Skip to content Skip to sidebar Skip to footer

Գլոբալ հավասարության խորհրդի առաջարկները Հայաստանի օրենսդրությունը բարելավելու ուղղությամբ

Գլոբալ հավասարության խորհուրդը, որը ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների և ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կոալիցիա է, «Հանուն Ժողովրդավարության» գագաթնաժողովին ընդառաջ, համագործակցելով «Ֆրանկլին և Մարշալ գլոբալ բարոմետր» հետազոտական կազմակերպության հետ, պատրաստել է գագաթնաժողովին մասնակցող 110 երկրների մասին զեկույցներ: Զեկույցները գնահատում և հստակ չափում են ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հիմնական քայլերը, որոնք հիմնված են 2020 թվականին հավաքագրված տվյալների վրա։ Երկրները գնահատվում են 30 ցուցանիշների համաձայն, որոնք բաժանված են երեք ենթախմբերի՝ մարդու հիմնարար իրավունքներ, պաշտպանվածություն բռնությունից և սոցիալ-տնտեսական իրավունքներ։ Երկրները, հիմնվելով իրենց ցուցաբերած առաջընթացի վրա գնահատվում են՝ ստանալով միավորներ ըստ իրենց ձեռնարկած իրավական միջոցների կամ դրանց բացակայության։ Հարկ է նշել, որ միակ պետությունը, որը համապատասխանեցրել է իր ներպետական օրենսդրությունը բոլոր ցուցանիշներին՝ Մալթան է։

Հայաստանի մասին զեկույցը ցույց է տալիս զգալի բացթողումներ ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Մասնավորապես Հայաստանում բացակայում է գենդերային ինքնության իրավական ճանաչումը, սեռի փոփոխության ճանաչման համար գործում է ֆիզիկական փոփոխության (վիրահատություն) հավաստման և հոգեբուժական ախտորոշման պահանջները։ Չնայած դրան, ի համեմատ այլ երկրների, Հայաստանում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը (ՍԿԳԻ) քրեականացված չեն։

Այնուամենայնիվ, Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց սոցիալ-տնտեսական պաշտպանության և բռնությունից պաշտպանված լինելու իրավունքներ կամ երաշխիքներ ընդհանրապես առկա չեն։

Հայաստանում չկա ատելության խոսքի դեմ համապարփակ օրենսդրություն, որը կներառի ՍԿԳԻ-ն որպես պաշտպանված հատկանիշներ, ընդ որում, առկա չէ նաև ՍԿԳԻ հիմքով ատելության հողի վրա հանցագործությունները դատապարտող օրենսդրություն։

Համաձայն զեկույցի, ԼԳԲՏ+ անձինք պաշտպանված չեն խտրականությունից նաև աշխատավայրում։ Ավելին, Հայաստանում, ՍԿԳԻ հիմքով խտրականությունից պաշտպանություն չկա թե՛ առողջապահական և թե՛ բնակարանային ոլորտներում։

Զեկույցի ամփոփաթերթին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գլոբալ հավասարության խորհուրդը մատնանշում է, որ ժողովրդավարությունն ինքնուրույն չի կարող ձևավորվել և ամրապնդվել, քանի դեռ բոլոր քաղաքացիների մարդու իրավունքները պաշտպանված չեն, որը նաև ներառում է լուսանցքայնացված խմբերին։

ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը անուղղակիորեն կապված է ժողովրդավարության առաջխաղացման հետ։ Կոռուպցիայի և ավտորիտարիզմի դեմ ուղղված ջանքերը կարող են նպաստել երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը։

Գալիք մեկ տարվա ընթացքում գագաթնաժողովի մասնակից բոլոր պետությունները հնարավորություն ունեն առաջընթաց ցուցաբերել՝ թե՛ ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների բարելավման ուղղությամբ և թե՛ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ։

Գլոբալ հավասարության խորհուրդը կոչ է անում Հայաստանի Հանրապետությանը վերանայելու և բարելավելու գործող օրենսդրությունը ԼԳԲՏ+ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial