Skip to content Skip to sidebar Skip to footer

ՍԿԳԻ հիմքով հանցագործությունները տարածված են մեր հասարակությունում

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ամեն տարի իրականացնում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության նկատմամբ խտրականության  հիմքով մարդու իրավունքների խախտման դեպքերի փաստագրում՝ անհրաժեշտության դեպքում՝ տրամադրելով ԼԳԲՏ անձանց իրավական և փաստաբանական աջակցություն։ Իրավախախտումները  գրանցվում են կազմակերպության թեժ գծերին, սոցիալական մեդիայի էջերին ստացված զանգերի և նամակների միջոցով՝ կազմակերպության փաստաբանի կողմից, ինչպես նաև մեդիամշտադիտարկման արդյունքում։

2020 թվականի ընթացքում կազմակերպության կողմից արձանագրվել են իրավախախտումներ, որոնք վերաբերում են ԼԳԲՏ անհատների առողջության պահպանման, կյանքի, աշխատանքի, կրթության, ազատ տեղաշարժվելու իրավունքի, ընտանեկան կամ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի և այլ իրավունքների խախտման դեպքերին։ Ընդհանուր առմամբ կազմակերպության իրավաբանները տրամադրել են 310 իրավաբանական խորհրդատվություն, իսկ փաստաբանական ներկայացուցչություն իրականացվել է 54 անգամ՝ դատական ատյաններում, ոստիկանությունում և քննչական մարմիններում։ Անցած տարի Փինքի կողմից գրանցվել է սեռական կողմնորոշման և գենդերային ինքության հիմքով խտրականությամբ զուգորդված իրավախախտումների 41 դեպք:

Խտրականությունից զերծ մնալու իրավունքի և ընտանեկան կամ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավախախտման դեպք է գրանցվել նույնասեռական տղամարդու նկատմամբ նրա գործատուի կողմից։ Անձի գործատուն առանց նրա համաձայնության մուտք է գործել աշխատողի հեռախոսի հաղորդագրությունների բաժին, որտեղ կարդացել  է անձի և զուգընկերոջ անձնական զրույցը։ Գործատուն անձի սեռական կողմնորոշման մասին հայտնել է կազմակերպության այլ աշխատակիցների, որոնք սկսել են դրա վերաբերյալ ակնարկներ անել։

Գրանցված մեկ այլ դեպքում նույնասեռական հարաբերությունների մեջ գտնվող բիսեքսուալ կնոջ գործընկերները կարդացել են նրա անձնական նամակագրությունը զուգընկերուհու հետ, ինչից հետո նրան վիրավորել են և ծաղրել: Անձի սեռական կողմնորոշման մասին իմացել է նաև գործատուն: Հետագայում անձին ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով կորոնովիրուսի հետևանքով կրճատումները, սակայն ըստ դիմողի՝ աշխատանքը կորցնելու իրական պատճառը իր սեռական կողմնորոշումն է:

Մեկ այլ դեպքում բիսեքսուալ կնոջ մայրը կարդացել է նրա անձնական նամակագրությունը զուգընկերուհու հետ, տեղեկացել է իր դստեր նույնասեռ հարաբերությունների մասին։ Դրանից հետո մայրը ծեծի է ենթարկել դիմողին և սպառնալիքներ հնչեցրել իր և զուգընկերուհու վերաբերյալ։ Տուժողը ստիպված է եղել հեռանալ տնից և ժամանակավորապես բնակվել այլ վայրում։

Գրանցվել են նաև տրանս կանանց նկատմամբ բռնության դեպքեր։

Տրանս կինը մեկ տարով բնակարան է վարձակալել Երևան քաղաքում: Վարձակալությունից մոտ 2 շաբաթ անց բնակարանի սեփականատերը պահանջել է դուրս գալ բնակարանից նույն ամսվա ավարտին: Դիմողի խոսքերով՝ բնակարանի սեփականատիրոջ նման պահանջը կապված է իր գենդերային ինքնության հետ. դիմողի հարևանները իմացել են դիմողի տրանս լինելու մասին և այդ մասին տեղեկացրել են բնակարանի սեփականատիրոջը, ով էլ չի ցանկացել, որ իր բնակարանում բնակվի տրանս անձ:

Մեկ այլ գրանցված դեպքում կրկին տուն վարձակալած տրանս անձանց հարևանները ստորագրահավաք են կազմակերպել և տան սեփականատիրոջից պահանջել վարձակալներն դուրս անել բնակարանից: Սեփականատերը դիմողներին ցույց է տվել ստորագրություններով թերթիկը և պահանջել ազատել բնակարանը: Դիմողները ստիպված հեռացել են։

Բազմաթիվ են եղել նաև գրանցված դեպքերը երբ տրանս անձանց նկատմամբ ցուցաբերել են ոչ բարեհամբույր վերաբերմունք իրենց գենդերային ինքնության հիմքով և ծաղրել են, երբ նրանք գտնվել են սրճարանում։

Մեկ այլ դեպքում ունենք գրանցված արտահայտման ազատության սահմանափակման և խտրականության դրսևորում, երբ տրանս կինը հրապարակել է իր մասնակցությամբ պարային տեսանյութ։ Տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում, ինչից հետո անձը սպանության և իր նկատմամբ բռնություն գործադրելու բազմաթիվ սպառնալիքներ է ստացել: Տուժածի վարձակալած բնակարանի սեփականատերը, տեղեկանալով տեսանյութի մասին, պահանջել է հեռանալ բնակարանից:

ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ զուգորդված իրավախախտումների թիվը այնքան մեծ է, որ պարզ է դառնում, որ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խտրականության հիմքով հանցագործությունները բավականին տարածված են մեր հասարակությունում։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հարգել և պաշտպանել մարդու իրավունքները և ապահովել մարդու իրավունքների իրացման միջավայր, որտեղ անձինք չեն ենթարկվի տարբերակված վերաբերմունքի կախված իրենց որևէ հատկանիշից, օրինակ՝ իրենց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով։