Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 2018 թ. հուլիսից իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ատելության և վտանգավոր խոսքի դրսևորումների պիլոտային մշտադիտարկում՝ տպագիր, առցանց մամուլում, ինչպես նաև հեռուստատեսային ալիքներով հեռարձակվող հաղորդումներում։

Կազմակերպության կողմից իրականացվել է իրավական կարգավորումների և միջազգային փորձի ուսումնասիրություն, մշակվել են դեպքերի արձանագրման մեխանիզմներ, արձանագրվել են վերհանված դեպքերը, և արդյունքում մշակվել և հրապարկվել է զեկույց։

Զեկույցում նշվում է, որ ատելության խոսքի հիմքում ընկած է խտրականությունը, որի հետևանքով պիտակավորվում են մարդկանց առանձին խմբերը՝ ելնելով վերջիններիս կենսակերպից, կրոնից, լեզվից, ազգային, էթնիկական, ֆիզիկական հատկանիշներից, գաղափարախոսությունից և այլ առանձնահատկություններից, և դառնում ատելության ու արհամարհանքի առարկա:

Այդպիսով, ատելության խոսքը հանդիսանում է խտրականության գաղափարախոսական և հոգեբանական հիմք՝ նպաստելով նմանատիպ պատկերացումների ամրապնդմանը պետական հաստատությունների, քաղաքական գործիչների, հանրային կարծիք ձևավորող անձանց և առանձին անհատների պահվածքում, որը կարող է հանգեցնել խտրականությամբ պայմանավորված գործողությունների:

Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ 2018 թ. հուլիսից մինչև 2019 թ․ հունիս ժամանակահատվածում ատելության և վտանգավոր խոսքի արձանագրված դեպքերը հիմնականում պայմանավորված են եղել թիրախավորված անձանց կրոնական հայացքներով, սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ։

Զեկույցում նշվում է, որ տպագիր և առցանց մամուլ կարգում, դիտարկված 6 լրատվամիջոցներից ամենաշատ ատելության խոսքի դրսևորում արձանագրվել է «Իրավունք» թերթում, համապատասխանաբար ՝ 26 մեջբերումներով և 20 խմբագրական կամ հեղինակային խոսքով։ Երկրորդ ամենաշատ ատելության խոսք դրսևորած մամուլը «Հրապարակ» թերթն է։ Դիտարկված 5 հեռուստաալիքներից ատելության խոսքի դրսևորումների քանակով առաջատարն է «Կենտրոն» հեռուստաալիքը՝ 3 մեջբերումներով և 10 խմբագրական կամ հեղինակային խոսքով։

Զեկույցում Հելսինկյան Կոմիտեն ՀՀ-ում գործող լրատվամիջոցներին առաջարկում է ստորագրել «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը» կամ սեփական էթիկայի կանոններում ներառել ատելության խոսքի և դրա տարածման արգելքը, իսկ ՀՀ Ազգային ժողովին առաջարկում է ԱԺ պատգամավորների, ինչպես նաև հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոններում ներառել ատելության խոսքի արգելքը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R (97) 20 Հանձնարարականի առաջին սկզբունքին համապատասխան։

Ատելության խոսքի դրսևորումները վտանգ են ներկայացնում բոլորի համար և բացի նրանից, որ պետք է արգելված լինեն ներպետական և միջազգային օրենսդրությամբ, առաջին հերթին պետք է մաս կազմեն համերաշխությամբ, արժանապատվությամբ և մարդու իրավունքների ջատագովությամբ առաջնորդվող հասարակության ձևավորման հարցում։