Skip to content Skip to sidebar Skip to footer

Շնորհավոր մարդու իրավունքների օրը

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է, որը համընկնում է 1948թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրվա հետ։ Դրա հռչակումից երկու տարի անց՝ 1950թ․, ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովը դեկտեմբերի 10-ը հռչակեց որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։

Մարդու իրավունքները համընդհանուր են և անքակտելի․ դրանք պատկանում են բոլոր մարդկանց՝ անկախ նրանց ռասայից, սեռից, ազգային պատկանելությունից, մայրենի լեզվից, կրոնից, էթնիկ ծագումից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և ցանկացած այլ պայմաններից։

Գոյություն ունի ՄԱԿ-ի կողմից հրապարակված մարդու իրավունքների ամբողջական ցանկ, որտեղ ներառված են մարդու ապրելու, ազատության, կրթություն ստանալու, աշխատանքի և շատ այլ իրավունքները։

Ինչպես նշվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածում՝ «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»։ Այս խոսքերը պատահաբար չեն ընտրված, քանի որ միտված են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ անելուն և իրավահավասարություն հաստատելուն։ Հռչակագրի հիմքում ընկած է մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ էթնիկ ծագումից, գենդերից, տարիքից, հաշմանդամություն ունենալուց, կրոնից, սեռական կողմնորոշումից և այլն։

Մարդու իրավունքների հռչակագիրը աշխարհում ամենաշատ թարգմանված փաստաթուղթն է, որը հասանելի է ավելի քան 500 լեզուներով, ինչի շնորհիվ էլ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Թեև մարդու իրավունքների պաշտպանության կատարելագործման տեսանկյունից դեռ երկար ճանապարհ կա անցնելու, այնուամենայնիվ, այս փաստաթղթի գոյությունը մինչ այժմ խոսում է պետութունների և հասարակությունների կողմից դրա բացարձակ արժևորման մասին։

2021թ․ Մարդու իրավունքների օրվա արշավի նշանաբանը հավասարությունն է, որը բխում է Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի գաղափարախոսությունից։ Այս տարվա դիսկուրսի կենտրոնում են հավասարության, ներառականության և հակախտրականության թեմաները, որոնք ուղղված են խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, բնիկ ժողովուրդների, ԼԳԲՏՔԻ+ մարդկանց, գաղթականների (միգրանտների), հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։

Կարևորելով մարդու իրավունքների օրը՝ չի կարելի չանդրադառնալ նաև իրավապաշտպանների համաշխարհային օրվան, որը նշվում է ամեն տարի մարդու իրավունքների օրվա նախօրյակին՝ դեկտեմբերի 9-ին։ Մարդու իրավունքների պաշտպանությունը անհնար կլիներ առանց իրավապաշտպանների գոյության, քանի որ նրանք հիմնական խթանիչ ուժն են այդ հարցում և նրանց գործունեության հիմնական նպատակը խոցելի խմբերի իրավապաշտպանության հավուր պատշաճի իրականացումն է։ Վերջին շրջանում իրավապաշտպանները բազմիցս թիրախավորվում են իրենց ծավալած գործունեության համար, ինչը վտանգի տակ է դնում նրանց ֆիզիկական գոյությունը և աշխատանքային գործունեությունը, հետևաբար նաև խոցելի խմբերին, ում հետ նրանք աշխատում են։ Այս պատճառով շատ կարևոր է պետության դերը իրավապաշտպաններին աջակցելու հարցում․ պետությունը պետք է համապատասխան արձագանք տա իրավապաշտպանների թիրախավորումներին և զերծ պահի նրանց ցանկացած տիպի մանիպուլյացիաներից և հարձակումներից։

Վերջին ժամանակներում Հայաստանում տիրող ճգնաժամային իրադրությամբ պայմանավորված բարձրացել է մարդու իրավունքների իրավիճակի խոցելիության մակարդակը։ COVID-19 համավարակի պայմաններում պետությունը ստիպված եղավ սահմանափակումներ դնել ժողովրդի ազատ տեղաշարժման վրա, որի արդյունքում կտրուկ աճեց խոցելի խմբերի՝ հանձինս ԼԳԲՏ մարդկանց հանդեպ ընտանեկան բռնությունների քանակը։ Զգալիորեն շատացել են նաև տարատեսակ շահարկումների և մանիպուլյացիաների դեպքերը՝ պայմանավորված 2020թ․ պատերազմով։ Նման իրավիճակում անհրաժեշտ է արձանագրել քաղաքացիական հասարակության այնպիսի կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը, ինչպիսին է Փինքը, քանի որ շատ հաճախ հենց այսպիսի կազմակերպություններն են ջատագովում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը և համապատասխան գործողություններ ծավալում այդ ուղղությամբ։ Հայաստանում մարդու իրավունքների, մասնավորապես՝ խոցելի խմբերի իրավունքերի պաշտպանության և իրավապաշտպանների անխափան գործունեությունն ապահովելու հարցում մեծ ներդրում պետք է ունենա նաև պետությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության կոնտեքստում կարևորելով ԼԳԲՏ մարդկանց իրավապաշտպանությունը, մշակելով հարցի լուծմանն ուղղված համապատասխան օրենսդրություն և երաշխավորելով իրավապաշտպանների անվտանգությունը։

Մարդու իրավունքների օրը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ իրազակելու և հիշատակելու խտրականության հիմքով մարդու իրավունքների ոտնահարումների մասին և քայլեր ձեռնարկելու դրանց համապատասխան արձագանք տալու ուղղությամբ։