Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը, ոտնձգությունները և ֆիզիկական բռնությունները շարունակվում են, հղում անելով տեղի ակտիվիստներին` ասվում է «Human rights watch» (HRW) իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում:

«Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխություններում նույնասեռ ամուսնությունների վրա արգելք դրվեց, սակայն դա չդիտարկվեց որպես ատելության խոսք կամ խտրականություն` ընդդեմ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց: Հակախտրականության ու ատելության խոսքի օրենքներում ներառված չեն գենդերային ինքնությունն ու սեռական կոմնորոշումը, ինչը սահմանափակում է ԼԳԲՏ անձանց դեմ բազմաթիվ հանցագործությունների իրավական ճանապարհը»,- ասված է զեկույցում (Հայաստանում առհասարակ գոյություն չունի հակախտրականության և ատելության խոսքի համար առաձին օրենք, խմբ.):

HRW-ն անդրադարձել է նաև հոկտեմբերի 17-18-ը անցկացված ԼԳԲՏ ֆորումին. «Փինք Արմենիան կազմակերպեց Հայաստանում առաջին ԼԳԲՏ ֆորումը` քննարկելու ԼԳԲՏ մարդկանց խնդիիրները: Փինք Արմենիայի կայքում միջոցառման մասնակիցների լուսանկար և ֆորումի մասին հոդված հրապարակվեց, որը վերահրապարակեցին մի շարք լրատվամիջոցներ, ինչը սոցիալական մեդիայում բազմաթիվ հոմոֆոբ մեկնաբանությունների ու սպառնալիքների արժանացավ, այդ թվում` ֆորումի մասնակիցներին այրելու և սպանելու կոչեր հնչեցին: Փինք Արմենիան դիմել էր դատախազություն` սպառնալիքների հետ կապված հետաքննություն սկսելու, սակայն պատասխան չի ստացել [այս զեկույցը] գրելու պահին»:

Հետագայում, քննչական կոմիտեից Փինք Արմենիային հայտնել էին, որ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չեն կարող հարուցել:

Հղում անելով Փինք Արմենիային` զեկույցում տեղ է գտել նաև տրանսգենդերների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքը. «Օգոստոսին Երևանի այգիներից մեկում 5 հոգի հարձակվել են սեռական ծառայություն տրամադրող երկու տրանսգենդերի վրա` պատճառելով լուրջ վնասվածքներ, մինչև անգամ` ուղեղի ցնցում: Տուժողները փորձել են օգնություն սատնալ անվտանգության աշխատակիցներից, որոնք հրաժարվել են օգնել նրանց: [Այս զեկույցը] գրելու պահին գործը հետաքննության փոլում է»:

Ավելի ուշ գործի առիթով քրեական գործ է հարուցվել:

Անդրադառնալով «Իրավունք» թերթի դեմ գործին` ասվում է. «Ապրիլին վերաքննիչ դատարանը մերժեց 16 հայցվորների բողոքը, որոնց հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի [ընդհանուր իրավասության] դատարանը մերժել էր 2014թ. հոկտեմբերին: «Իրավունք»-ը համացանցում մի քանի  հոդվածներ էր հրապարակել` կոչ անելով ԼԳԲՏ անձանց ու [նրանց աջակցող] ակտիվիստներին դուրս թողնել հասարակական կյանքից, իսկ վերջիններիս ընտանիքներին` հեռու մնալ նրանցից: Հոդվածներից մեկում 60 հոգու անունից բաղկացած «սև ցուցակ» էր հրապարակվել` նրանց սոցիալական կայքերի հիպերհղումներով: Թերթը հրաժարվել էր հերքող նյութ հրապարակելուց»:

16 հայցվորների բողոքը մերժվել էր նաև վճռաբեկ դատարանում 2015թ.: Գործն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: