Skip to content Skip to sidebar Skip to footer

Այսօր նշվում է Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը

Մայիսի 17-ն ամեն տարի նշվում է որպես Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր: Այն առաջին անգամ նշվել է 16 տարի առաջ՝ 2005 թ.-ին։ Հատկանշական է, որ որպես այդ օր է ընտրվել մայիսի 17-ը, քանի որ 1990 թ․-ին հենց այդ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից նույնասեռականությունը հանվել է հիվանդությունների միջազգային դասակարգչից։ IDAHOBIT-ի (International Day against Homophobia, Biphobia and Transphobia) նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը սեռական և գենդերային տարբեր ինքնությունների վերաբերյալ և միավորել մարդկանց հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շուրջ: Օրը նաև նպատակ ունի քաղաքական և հասարակական գործիչների, կարծիքի առաջնորդների, լրատվամիջոցների և հասարակության ուշադրությունը սևեռել ԼԳԲՏ+ անձանց խնդիրների վրա և լսելի դարձնել ԼԳԲՏ+ անձանց պատմությունները:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Փինքը նշում է այս տոնը՝ նպատակ ունենալով բարձրաձայնել Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց խնդիրները և միանալով հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարին։ Տոնի այս տարվա կարգախոսն է «Միասին. դիմադրել, աջակցել, ամոքել»: Կարգախոսի տրամաբանությունը համընկնում է Փինքի այս տարվա «Ծիածան» 6-րդ ֆորումի խորագրի հետ, որն է՝ «Հաղթահարելով մարտահրավերները»։ Ի դեպ, ֆորումի ընթացքում քննարկվել են ԼԳԲՏ+ շարժման առաջ ծառացած տարբեր ճգնաժամերը (համաճարակը, պատերազմը, սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը) և դրանց հետևանքները ԼԳԲՏ+ անձանց համար։ Ավելին, անդրադարձել ենք այդ ճգնաժամերի հաղթահարման փորձառությանը, ձեռք բերված նոր գիտելիքներին և այն հեռանկարներին, որոնք սպասվում են մեզ ապագայում։

Հաշվի առնելով ճգնաժամերի ընթացքում առաջացած բազմաթիվ խնդիրները և կարևորելով ԼԳԲՏ+ անձանց տեսանելիության բարձրացումը, նրանց հասարակության մեջ լիարժեք ներգրավվածությունը՝ այս տարի, IDAHOBIT շաբաթվա շրջանակներում, մենք նաև պատրաստել ենք տեսանյութ ընտանիքների հավասարության մասին, որտեղ ներկայացված է նույնասեռ ընտանիք: Տեսանյութում պատկերված են ծնողները և իրենց երեխան, ովքեր ցանկանում են մասնակցել ընտանեկան մարզական միջոցառման, սակայն հասարակության կողմից որպես ընտանիք չդիտարկվելու պատճառով, չեն կարող: Տվյալ տեսանյութի միջոցով ցանկացել ենք շեշտել այն, որ նույնասեռ ընտանիքները ևս հանդիսանում են հասարակության մասը և արժանի են ունենալ հավասար հնարավորություններ:

Այս հոդվածով ևս մեկ անգամ ցանկանում ենք կարևոր ուղերձ ուղարկել՝ ԼԳԲՏ+ մարդիկ և ընտանիքները ապրում են մեր կողքին և արժանի են ունենալ հավասար իրավունքներ ու հնարավորություններ: Մինչև ԼԳԲՏ+ համայնքի բոլոր անդամները ազատ չլինեն ապրել իրենց կյանքը՝ առանց հետապնդումների ու վախի և իրավահավասար պայմաններում, մեր առաքելությունը շարունակվում է: