Skip to content Skip to sidebar Skip to footer

Մեկնարկում է IDAHOBIT շաբաթը

Այսօրվանից մեկնարկում է IDAHOBIT շաբաթը։ Այն միջոցառումների և արշավների շարք է, որոնք ուղղված են Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան։ Շաբաթվա ընթացքում Փինքը կազմակերպում է զանազան միջոցառումներ՝ Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու նպատակով։

Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը (International Day against Homophobia, Biphobia and Transphobia) նշվում է մայիսի 17-ին, սակայն քանի որ օրվա շրջանակներում Փինքի կազմակերպած միջոցառումները ժամանակի ընթացքում ընդլայնվել են և դարձել ավելի բազմաբովանդակ, 2017թ․-ից առ այսօր IDAHOBIT շաբաթը նշվում է մեկ շաբաթ տևողությամբ՝ մեկ օրվա փոխարեն։

IDAHOBIT-ն առաջին անգամ նշվել է 2005 թվականին։ Հատկանշական է, որ որպես այդ օր է ընտրվել մայիսի 17-ը, քանի որ 1990 թվականի մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանել է նույնասեռականությունը հիվանդությունների միջազգային դասակարգչից։ IDAHOBIT-ի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը սեռական և գենդերային տարբեր ինքնությունների վերաբերյալ և միավորել մարդկանց հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շուրջ:

Այս տարի IDAHOBIT շաբաթվա շրջանակներում պլանավորել ենք առցանց արշավ։ Արշավի ընթացքում հրապարակվելու են ԼԳԲՏ անձանց առնչվող թեմաներով տեսանյութեր, Փինքի Սեռականության գրքույկի թարմացված և վերախմբագրված տարբերակը, որը տեղեկատվություն է հաղորդում մարդու սեռականության կարևոր բաղադրիչների վերաբերյալ և գործիք է հասկանալու, թե ինչ է սեռականությունը, և թե ինչու է կարևոր տեղեկացված լինել դրա մասին։

Մայիսի 17-ին հրապարակվելու է Փինքի «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2022 թ․ ընթացքում» տարեկան զեկույցը, որում ամփոփված են կազմակերպության կողմից արձանագրված մարդու իրավունքների խախտումները, որոնք զուգորդված են եղել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ։

Բացի այդ, սպասվում է նաև համայնքային միջոցառում՝ ընդլայնված քննարկման ֆորմատով։ Քննարկմանը կմիանան ԼԳԲՏ+ ակտիվիստներ, ովքեր կխոսեն իրենց ակտիվիստական փորձառության մասին, կկիսվեն իրենց գաղափարներով ու տեսլականներով։ Քննարկման ժամանակ կանդրադառնանք նաև ԼԳԲՏ+ շարժման ապագային, շարժումը զարգացնելու հնարավորություններին։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial