Skip to content Skip to sidebar Skip to footer

Ամփոփում ենք IDAHOBIT շաբաթը

Ավարտվեց այս տարվա IDAHOBIT շաբաթը՝ նվիրված Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան։ Այս տարի IDAHOBIT շաբաթվա շրջանակներում Փինքի կողմից իրականացված գործողությունները ներառում էին համայնքային միջոցառումներ և առցանց արշավ։

Շաբաթվա ընթացքում հրապարակվեցին ԼԳԲՏ+ անձանց առնչվող թեմաներով տեսանյութեր, տեղեկատվական նյութեր Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա վերաբերյալ, ինչպես նաև Փինքի Սեռականության վերաբերյալ թարմացված տեղեկատվական նյութը, որը ներառում է մարդու սեռականությանն առնչվող հիմնական տեղեկատվությունը։ Հրապարակվեց նաև Փինքի «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2022 թ․ ընթացքում» տարեկան զեկույցը։ Այն ամփոփում է Փինքի կողմից արձանագրված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ զուգորդված մարդու իրավունքների խախտումները։ Ըստ արձանագրված դեպքերի՝ ԼԳԲՏ անձանց իրավունքները խախտվել են թե՛ պետական մարմինների, թե՛ մասնավոր անձանց կողմից, իսկ խախտված իրավունքները հնարավոր չի եղել վերականգնել օրենսդրական բացերի և իրավակիրառ մարմինների կողմնակալ վերաբերմունքի պատճառով։

Այս տարվա IDAHOBIT շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ նաև «Միասնական` պայքարի և բազմազանության մեջ» խորագրով համայնքային միջոցառումը, որի հիմնական նպատակն էր համախմբել Հայաստանի ԼԳԲՏ+ ակտիվիստներին և քննարկել ակտիվիզմին վերաբերող մի շարք հարցեր։

Միջոցառումը տեղի ունեցավ ընդլայնված քննարկման ֆորմատով։ ԼԳԲՏ+ ակտիվիստները խոսեցին իրենց փորձառությանների մասին, կիսվեցին իրենց գաղափարներով և տեսլականով։ Մասնակիցները նշեցին ԼԳԲՏ+ շարժման մեջ իրենց ունեցած ներդրումները, ներկայացրին շարժման ապագային ուղղված նոր գաղափարներ, կարևորեցին մեդիայի դերը՝ անդրադառնալով այն գործոններին, որոնք նպաստում են մեդիա հարթակներում շարժման առաջխաղացմանը։ Քննարկման ընթացքում վերհանեցինք հայաստանյան հասարակությունում քվիր կանանց ակտիվիստական փորձառությանն ու մարտահրավերներին առնչվող խնդիրները, մարզաբնակ ԼԳԲՏ+ անձանց խնդիրները, ակտիվիստական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ ռեսուրսների, հանրային հարթակներում իրազեկող տեղեկատվություն ստեղծելիս առաջացող մարտահրավերների հարցերը։

Անդրադարձ կատարվեց նաև ԼԳԲՏ+ շարժման ապագային և շարժումը զարգացնելու հնարավորություններին։ Մասնակիցները հատկապես կարևորեցին ԼԳԲՏ+ անձանց տեսանելիության բարձրացման, իրազեկող տեղեկատվության ու միջոցառումների կազմակերպման նշանակալի դերը շարժման հզորացման հարցում։

IDAHOBIT շաբաթը շարունակում է մնալ Փինքի ամենամյա օրակարգում, քանի դեռ Հայաստանում շարունակվում է ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականությունը։ Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը հնարավորություն է բարձրաձայնելու ԼԳԲՏ+ անձանց խնդիրների, հասարակության մեջ նրանց ներգրավվածությունն ապահովելու կենսական նշանակության մասին։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial