Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է` IDAHOBIT, և մայիսի 14-ից 21-ը նշում ենք որպես խտրականության, ատելության և վախի, դեմ պայքարի շաբաթը։

Այդ օրը առաջին անգամ նշվել է 2005թ. -ին, իսկ ամսաթիվն ընտրված է մայիսի 17-ը քանի որ 1990թ. մայիսի 17-ին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ-ն) նույնասեռականությունը հանել «Հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ» բաժնի ցանկից։

Նեռբեռնել

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես նշում ենք սեռականության բազմազանությունը խորհրդանշող IDAHOBIT շաբաթը, որի ընթացքում իրականացնում ենք տարատեսակ միջոցառումներ, որպեսզի բարձրաձայնենք սեռական կողմնորոշման հիմքով խտրականության վտանգների մասին և կոչ անենք լինել հանդուրժող, իսկ պետական կառույցներին՝ ընդունել ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանող գործուն օրենքներ և ԼԳԲՏ անձանց կարիքներին համապատասխանող ռազմավարություններ։

2020թ․-ի միջոցառումների շրջանակում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Փինքը հրապարակել է «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում 2019թ․ ընթացքում» տարեկան զեկույցը։

Այս տարի IDAHOBIT շաբաթվա շրջանակներում հրապարակել ենք նաև տարեկան զեկույցի մասին տեսանյութ, որտեղ իրավաբան Հասմիկ Պետրոսյանը և փաստաբան Լուիզա Վարդանյանն ամփոփ ներկայացնում են 2019թ․ ընթացքում ԼԳԲՏ անձանց նկատմամբ արձանագրված իրավախախտումները, ԶԼՄ֊ներին, պետական և միջազգային կառույցներին ուղղված առաջարկությունները, ինչպես նաև ընդգծում են Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը, հատկապես անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտի վերացմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Մայիսի 17-ին հրապարակվելու է IDAHOBIT-ի օրվա մասին պատմող տեսանյութ, որը ներկայացնում է օրվա խորհուրդը, դրա ստեղծման պատմությունը, ինչպես նաև պատմում է այն նշելու կարևորության մասին։ Տեսանյութը հրապարակվելու է այստեղ։

IDAHOBIT շաբաթվա ընթացքում անցկացնում ենք նաև «Քվիրանտին» առցանց մրցույթ-ցուցահանդես, որին մասնակցելու համար ներկայացվել են հեղինակային լուսանկարներ, ձեռքով նկարված նկարներ և համակարգչային գրաֆիկական պատկերներ, որտեղ արտացոլվում են հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները, մարդկանց խաղաղ համակեցության թեմաները և հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի դեմ պայքարը: Հաղթողներն ընտրվելու են ըստ առցանց քվեարկության, որը բաց է մայիսի 14-ից մինչև 20-ը։ Արդյունքները կամփոփվեն մայիսի 21-ին՝ Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը։