racismՍկսած 1966 թվականի մարտի 21-ից` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան կոչ է անում միջազգային հանրությանը կրկնապատկել իր ջանքերը՝ վերացնելու ռասայական խտրականության բոլոր տեսակները: Ռասայական խտրականության դեմ պայքարի օրն ընտրվել է մարտի 21-ը` ոգեկոչելու այն մարդկանց, ովքեր սպանվել էին 1960 թվականին այդ օրը Հարավային Աֆրիկայում խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում, որը կազմակերպվել էր ապարտեիդի (մեկուսացման) օրենքների ընդունման դեմ: Օրենքները նախագծվել էին ռասայական խտրականությամբ առաջնորդվող կառավարության կողմից, խստորեն սահմանափակում էին «սև» բնակչության տեղաշարժը «սպիտակների» տարածքներում: Ավելի քան 50 խաղաղ սևամորթ ցուցարար զոհվեց Հարավային Աֆրիկայի Շարփեվիլ ավանում, երբ ոստիկանությունը կրակ բացեց նրանց վրա։

Ռասան դասակարգման համակարգ է, որն առանձնացնում է մարդկանց ընդհանուր և որոշակի խմբերն` ըստ անատոմիական, մշակութային, էթնիկ, գենետիկական, աշխարհագրական, պատմական, լեզվական, կրոնական և սոցիալական պատկանելիության:

Ռասիզմը համոզմունք է, ըստ որի, մարդկանց որոշակի բնորոշ հատկություններ ու ունակությունններ պայմանավորված են միայն ռասայով, և որ որոշ ռասայական խմբեր ավելի բարձր են մյուսներից: Ռասիզմը և խտրականությունը օգտագործվել են որպես հզոր զենք՝ ատելություն սերմանելով կամ վախեցնելով մյուսներին կոնֆլիկտների կամ պատերազմների և նույնիսկ տնտեսական ճգնաժամերի ժամանակ:

ՄԱԿ–ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին և երկրորդ հոդվածներում ասվում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով: Նրանք ունեն բանականություն ու խիղճ և միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն: Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության` հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա: Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնակառավարվող կամ ինքնիշխանության որեւէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը: Սակայն այսօր խտրականության դեմ պայքարն ամբողջ աշխարհում շարունակում է միլիոնավոր մարդկանց համար մնալ առօրյա պայքար:

Ես ռասիստ  չեմ, բայց… մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչ կարող է անել ինքը ռասայական խտրականությունը մեր հասարակությունում վերացնելու համար:

2014 թվականի Ռասայական խտրականության դեմ պայքարի օրվա համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից ընտրված թեման է` համաշխարհային առաջնորդների առանցքային դերը ռասիզմի և ռասայական խտրականության դեմ պայքարում քաղաքական կամքի դրսևորումն ու մոբիլիզացիան։

«Կոչ եմ անում բոլոր մարդկանց, հատկապես քաղաքական գործիչներին, քաղաքացիական և կրոնական առաջնորդներին` դատապարտել այն ելույթներն ու գաղափարները, որոնք ունեն ռասայական տարբերությունների և ատելության հիմք, ինչպես նաև խրախուսում և տարածում են ռասիզմ, ռասայական խտրականություն, այլատյացություն և այլ առհասարակ անհանդուրժողականություն» ։

~ ՄԱԿ ի գլխավոր քարտուղար Բան Կի Մուն

Դուք կարող եք լրացնել թեստ անգլերենով և պարզել, թե դուք որքան ռասիստ եք կամ ռասիստ չեք։

http://www.gotoquiz.com/survey_of_racism