Իլգա-Եվրոպայի 2023թ․ տարեկան դիտարկումը

27-03-2023

Իլգա-Եվրոպան հրապարակել է իր տարեկան դիտարկումը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս անձանց մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ Զեկույցը ներառում է 2022թ․ հունվարից դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները։


Բեռնել զեկույցը (անգլերեն)

Այս տարվա զեկույցը լույս է սփռում մի քանի կարևոր խնդիրների վրա, որոնք հատկանշական էին 2022 թվականի համար։ Ըստ այդմ՝ առանցքային էր ապաստարանների և միգրացիայի խնդիրը, քանի որ ողջ տարածաշրջանում նկատվել է զանգվածային միգրացիա ոչ միայն Ուկրաինայում պատերազմի պատճառով, այլև Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տիրող ռեպրեսիվ ռեժիմների արդյունքում։ Լայնածավալ են եղել ԼԳԲՏԻ անձանց հանդեպ կողմնակալությամբ պայմանավորված ելույթների և բռնության դեպքերը, որոնք ուղեկցվել են խոշտանգումներով, սպանություններով, ինքնասպանություններով, ինչպես նաև ատելության հիմքով հանցագործություններով։ Այնուամենայնիվ, կողմնակալությամբ պայմանավորված ելույթների և հանցագործությունների դեպքում նկատվել է դատարանների կողմից դրական արձագանքների աճ։ Տարվա ընթացքում արձանագրվել են նաև սեռական դաստիարակությանը, ազատ հավաքներին և գենդերի իրավական ճանաչմանն առնչվող խնդիրներ։ Բարձրացվել է ինտերսեքս անձանց մարմնական ամբողջականության հարցը, և այս առումով առկա է դրական տեղաշարժ՝ ուղղված խնդրի ինստիտուցիոնալ մակարդակով ճանաչմանը Եվրոպայում։

Բայց և այնպես, Կենտրոնական Ասիան շարունակում է մնալ այն տարածաշրջանը, որտեղ բացակայում են ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող կարգավորումները։ Տարածաշրջանի շատ երկրներում դեռևս խնդիր է ԼԳԲՏԻ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը և խտրականության դեմ առաջնային օրենսդրության բացակայությունը։

Զեկույցի Հայաստանին նվիրված բաժնում այս անգամ հիմնական շեշտը դրվել է կողմնակալությամբ պայմանավորված բռնության վրա։ Այս կոնտեքստում առանձնակիորեն մատնացույց են արվել տրանս անձանց նկատմամբ տեղի ունեցած բռնության ու հարձակումների դեպքերը։ Հատկապես նշվել է այն դեպքը, երբ տրանս անձը բռնության էր ենթարկվել մի ծայրահեղական անձի կողմից, որն ուղիղ հեռարձակմամբ հանրայնացրել էր հարձակումը։ Սա առաջին դեպքն է, որն ավարտվել է մեղադրական դատավճռով` հանցագործին դատապարտելով յոթուկես տարվա ազատազրկման՝ հոմոֆոբիայի շարժառիթով ատելության հիմքով հանցագործություն կատարելու մեղադրանքով։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև երիտասարդ նույնասեռական զույգի ինքնասպանության դեպքին։ Համացանցում տարածվել էր զույգի լուսանկարը, որում նրանք համբուրվում են, որից հետո առցանց հարթակներում սկսվել էր ատելության խոսքի անկառավարելի հոսք։ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ առցանց ատելության խոսքը լուրջ խնդիր է Հայաստանում։

Ինչպես նշվում է զեկույցում, Փինքը 2022թ․ ընթացքում արձանագրել է ֆիզիկական և սեռական բռնության 27 դեպք: Շատ դեպքերում, երբ ընտանիքի անդամներն իմացել են անձի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության (ՍԿԳԻ) մասին, ծեծի են ենթարկել, սպառնացել կամ փակի տակ պահել նրան՝ ենթարկելով ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական բռնության։ Բռնության 27 դեպքերից 7-ը եղել են լեսբի կամ բիսեքսուալ կանանց, 11-ը` գեյ կամ բիսեքսուալ տղամարդկանց, իսկ 12-ը` տրանս կամ ոչ բինար անձանց նկատմամբ։

2022 թվականի ընթացքում Փինքն արձանագրել է նաև ՍԿԳԻ հիմքով խտրականության 44 դեպք, որոնցից 16-ի մասին հաղորդում է տրվել իրավապահ մարմիններին։ Այս գործերի մի մասը մերժվել է, իսկ մյուսներին պատշաճ ընթացք չի տրվել։

Զեկույցում նշանավորվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022թ․ մայիսի Օգանեզովան ընդդեմ Հայաստանի գործով դատավճիռը։ Դատարանը հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է 2012թ․ «Դի Այ Ուայ» փաբի պայթեցման գործի արդյունավետ քննությունը՝ հաշվի չառնելով հոմոֆոբիայի շարժառիթը, ինչպես նաև ձախողել է տուժողին սպառնալիքներից և հետապնդումներից պաշտպանելու իր պարտականությունը։

Գենդերի իրավական ճանաչման և սեռական ու վերարտադրողական առողջության իրավունքները շարունակում են հիմնախնդիր մնալ Հայաստանում։ Այնուամենայնիվ, քաղհասարակությունը և իրավապաշտպանները հնարավորին չափով աշխատում են երկրում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականությունը նվազեցնելու ուղղությամբ։