pinkposter
լուսանկարը` civilnet.am-ի, պաստառի հեղինակ` ՓԻՆՔ Արմենիա

Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Անկախությանը «կողմ» քվեարկեց ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 23-րդ տարեդարձը:

Անկախությունը միայն ազգային տարբերանշաններ ունենալը կամ էլ սեպտեմբերի 21-ին հիմն երգելը, պատշգամբից Հայաստանի դրոշը կախելն ու պաթոսով ճառերի արտասանությունները չեն։

Անկախություն ունես, երբ Հայաստանի ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, երբ պետականության կրողը այդ նույն պետության քաղաքացին է, ով իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ հենվելով մեր երկրի սահմանադրության և օրենքների վրա:

Անկախ ես, երբ պետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո, երբ պետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական, սոցիալական, կրոնական պատկանելությունից, տարիքից, սեռից, սեռական կողմնորոշումից և ֆիզիկական հատկանիշներից: Անկախ ես, երբ պետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է և ինքն է որոշում կարող են արդյոք այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում, երբ պետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։

Անկախ ես, երբ պետությանը պատկանող՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է և դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Անկախ ես, երբ պետությունն իր երկրի ներսում ապահովում է խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացումը։ Անկախ ես, երբ պետությունդ ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում։

Շնորհավոր անկախության 23-րդ տարեդարձ և մաղթում ենք իրատեսություն, կամք, ուժ և պատրաստակամություն գործելու ու փոփոխելու այն ամենը, ինչը պակասում է լիարժեք անկախության համար, որ ապրենք ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանում։