Skip to content Skip to sidebar Skip to footer

2021թ․ ԼԲՔ և տրանս կանանց նկատմամբ արձանագրված իրավախախտումներ

Ամեն տարի Հայաստանում արձանագրվում են ԼԲՔ (լեսբի, բիսեքսուալ, քվիր) և տրանս կանանց իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր։ Բացառություն չէ նաև 2021 թվականը, որի ընթացքում վերջիններիս հանդեպ դիտվել են մեծաքանակ իրավախախտումներ։ Դրանք իրականացվել են մի քանի սոցիալական խմբերի կամ պետական մարմինների, մասնավորապես՝ ընտանիքի, ուսումնական հաստատությունների, սպասարկման ոլորտի աշխատողների և ոստիկանության կողմից։

Ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում ուղեկցվել են հոգեբանական ճնշումներով և ֆիզիկական բռնությամբ․ դրանք պայմանավորված են եղել նույնասեռական կամ բիսեքսուալ կանանց արտաքին տեսքի, օրինակ՝ սանրվածքի և կրած հագուստի նկատելի փոփոխություններով։ Կանանցից շատերի հանդեպ հնչել են սպառնալիքներ․ ծնողները, տեղեկանալով դստեր նույնասեռական հարաբերությունների մասին, տնից վռնդելու կամ ուսման վարձը չվճարելու, ուսումից զրկելու սպառնալիքով փորձել են ազդել իրենց երեխայի սեռական կողմնորոշման վրա։ Շատ դեպքերում ծնողները և նույնիսկ բարեկամները սահմանափակել են տուժողների ազատությունը՝ նրանց զրկելով կապի միջոցներից՝ հեռախոսից և ինտերնետից, անձնագրից, երբեմն նաև հագուստից, փակի տակ են պահել նրանց և արգելել շփումն ընկերների հետ։ Այս ամենի արդյունքում տուժած անձինք կամ ինքնասպանության փորձ են կատարել, կամ էլ ստիպված են եղել փախչել տնից՝ հաճախ ստիպված լինելով հաստատվել այլ քաղաքներում՝ հետապնդումներից խուսափելու համար։ Դիտվել են նաև կոնվերսիոն թերապիայի դեպքեր, երբ ծնողները, երեխայի սեռական կողմնորոշումը հիվանդություն կամ շեղում համարելով, փորձել են հոգեբան ներկայացող անձանց կամ հեքիմների միջոցով «ուղղել» նրա սեռական կողմնորոշումը, որն ուղեկցվել է տվյալ մասնագետի կողմից նույնասեռական կնոջ հանդեպ սեռական ոտնձգությամբ։

Նույնասեռական և բիսեքսուալ կանանց հանդեպ խտրականության հիմքով իրավախախտումներ են տեղի ունեցել նաև ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում։ Տուժող կողմն այդպիսի վերաբերմունքի է արժանացել ոչ միայն աշակերնտերի, այլ նաև դպրոցի տնօրինության կողմից․ բռնության ենթարկվելուց հետո տնօրինության միջնորդությանը դիմած անձը վերջինիս կողմից արժանացել է անտարբեր և կողմնակալ վերաբերմունքի, իսկ արդյունքում խախտվել են նրա իրավունքները։

Խտրական վերաբերմունք է արձանագրվել տրանս կանանց հանդեպ ևս՝ մասնավորապես խանութներում, որտեղ աշխատողները չեն ցանկացել սպասարկել տրանս անձանց, ինչպես նաև ոստիկանությունում, երբ ոստիկանության աշխատակիցները նսեմացրել են տուժողների արժանապատվությունը և հրաժարվել են նրանց օգնել դեպքի վայրում։ Տրանս կանայք ճնշման են ենթարկվել նաև հարևանների կողմից, ովքեր ներխուժել են տուն և ծեծի ենթարկել նրանց։

ԼԲՔ և տրանս կանանց նկատմամբ 2019 և 2020 թվականներին տեղի ունեցած որոշ իրավախախտումներ կազմակերպությանը հայտնի են դարձել այս տարի։ Դրանք հիմնականում եղել են վերը նշված դեպքերի բնույթի, սակայն երբեմն նաև ուղեկցվել են ծնողի կողմից զավակի սպանության սպառնալիքներով։ Այս շրջանի ուշագրավ դեպքերից մեկն այն է, երբ ոստիկանության կողմից գողության կեղծ մեղադրանք է ներկայացվել տրանս կնոջ դեմ, որի արդյունքում վերջինս ձերբակալվել է՝ փաստացիորեն հանցանք գործած չլինելով։

ԼԲՔ և տրանս կանանց նկատմամբ տեղի ունեցած և ունեցող իրավախախտումները շատ դեպքերում անտեսանելի են․ դրանք հաճախ չեն բարձրաձայնվում, չեն քննարկվում և ըստ այդմ նաև չեն ստանում համապատասխան լուծում՝ պայմանավորված լինելով ընտանիքի գործադրած ճնշումներով, խոսքի ազատության սահմանափակումով, հասարակության խտրական վերաբերմունքով, իսկ եթե անգամ բարձրաձայնվում են, արժանանում են արհամարհանքի, ծաղրանքի և բռնության։ Վերոնշյալ ծանր և վտանգավոր դեպքերի առկայությունը մեծ սպառնալիք է ԼԲՔ և տրանս կանանց համար, և անհրաժեշտ է խնդրի հանդեպ բարձրացնել իրազեկվածության մակարդակն ու կանխարգելել նման դեպքերը։

Wordpress Social Share Plugin powered by Ultimatelysocial