«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տրամադրում է իրավաբանական աջակցություն, որը ներառում է․

  • խորհրդատվություն,
  • անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • ներկայացուցչություն, այդ թվում՝ ոստիկանությունում, դատարաններում։

Իրավաբանական աջակցությունն անվճար է և տրամադրվում է ԼԳԲՏ անձանց, նրանց ծնողներին, ընտանիքի այլ անդամներին, համայնքի համախոհներին և ընկերներին։ Իրավաբանական աջակցության շրջանակներում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ կազմակերպություններում ներկայացուցչություն իրականացվում է միայն ուղղակի, անուղղակի, ասոցացված խտրականությամբ զուգորդված իրավախախտումների դեպքերով։ Այլ կերպ ասած՝ երբ կազմակերպության իրավաբաններին դիմում են իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, և երբ իրավաբանները արձանագրում են, որ անձի իրավունքները ոտնահարվել են նրա իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության նկատմամբ իրավախախտի բացասական վերաբերմունքի պատճառով՝ դիմողի կամ իրավաբանների առաջարկով դիմողը լիազորում է իրավաբանին ներկայացնելու իր շահերը և իրականացնելու իր շահերի պաշտպանությունը պետական և այլ մարմիններում, ներառյալ` դատական բոլոր ատյաններում, ոստիկանությունում, քննչական մարմիններում։ Մյուս դեպքերում դիմողներին տրամադրվում է միայն համապարփակ իրավախորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կազմվում են նախնական փաստաթղթերը, սակայն ներկայացուցչություն չի իրականացվում:

Ինչպես տեղեկացրել ենք նախորդիվ, 2019թ․ 1-ին կիսամյակում արաձանագրվել է խտրականությամբ զուգորդված իրավախախտումների 24 դեպք։

Բացի նշված դեպքերից Փինքի իրավաբանները 2019թ.-ի 1-ին կիսամյակում իրավախորհրդատվություն են իրականացրել ևս 169 դեպքերով, որոնք չեն առնչվել ՍԿԳԻ հիմքով խտրականությանը:

ԳԲՏ անձանց առավելապես հետաքրքրում է՝ իրենց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը հի՞մք է պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու, բանակ չզորակոչվելու համար: Նրանք դա բացատրում են նրանով, որ անհանգստանում են իրենց կյանքի կամ առողջության համար, որ բանակում իրենց կվնասեն, կծեծեն, կնվաստացնեն, անգամ կսպանեն:

Այս դեպքում պետք է հաշվի առնել, որ սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը ինքնից զինվորական ծառայությունից ազատվելու հիմք չէ: Զինվորական ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվում այն դեպքում, երբ նույնասեռ սեռական կողմնորոշումը և անձի գենդերային ինքնությունը տվյալ անձի կողմից ընկալվում և դրսևորվում են ոչ նորմալ, որպես խանգարում:

Տրանս անձինք հաճախ են հարցեր ուղղել անվանափոխության կարգի, ներկայացվող փաստաթղթերի ցանկի վերաբերյալ: Պետք է նշել, որ ՔԿԱԳ մարմինը կարող է պահանջել նաև օրենսդրությամբ չսահմանված այլ փաստաթղթեր, և նախկինում տրանս անձանցից պահանջում էին տեղեկանք հոգեբույժից կամ հոգեբանից, որը կհաստատեր նրանց գենդերային ինքնությունը, սակայն այս ոչ իրավաչափ պրակտիկան այլևս չի գործում:

ԼԳԲՏ համայնքը խորհրդատվություն է ստացել նաև սեփականության, վարձակալության, ժառանգական, ընտանեկան, աշխատանքային, առողջապահական իրավահարաբերությունների, նույնասեռ ամուսնությունների գրանցման հնարավորության և այլ հարցերի վերաբերյալ:

Կարևոր է նաև, որ ԼԳԲՏ անձանց ծնողները նույնպես դիմում են կազմակերպությանը՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար: Հունվարից հունիս ամիսների ընթացքում 3 ծնող ստացել է իրավաբանական օգնություն:

Հիշեցնենք, որ ԼԳԲՏ անձինք անվճար իրավաբանական խորհրդատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով 099-522533 թեժ գծին: